Երեկ համառ լուրեր էին շրջում առ այն, որ պաշտոնանկ է արվել Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը
Թերթը նշում է, որ տեղեկությունը չի կարողացել պաշտոնապես ստուգել. Միրզոյանը կամ չի պատասխանել հեռախոսազանգերին, կամ պատասխանելու դեպքում ասել է, թե սխալ են զանգահարել:
Քանի որ ՀՔԾ-ն չունի մամուլի խոսնակ, թերթը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանին, ով ասել է, թե թեև իրենք նույն շենքում են տեղակայված, սակայն բոլորովին այլ հիմնարկներ են, և ինքը չի կարող պատասխանել այդ հարցին:
«Ժողովուրդ»-ը ստիպված է եղել Միրզոյանի ընկերների միջոցով ճշտել տեղեկության իսկությունը, որոնց հետ զրույցում ՀՔԾ պետը հերքել էր պաշտոնանկության լուրը:
«Սակայն մյուս կողմից էլ հերքումն ամենևին էլ հիմք չէ. Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն էլ էր հերքում, բայց…», – եզրափակում է թերթը:
Իր այսօրվա համարում Միրզոյանի պաշտոնանկության մասին գրել է նաև «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ իրենց նույնպես չի հաջողվել ճշտել լուրի իսկությունը:
Հիշեցնենք, որ փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` խնդրելով քննության առնել Միրզոյանի դրսևորած վարքագիծը:
Համաձայն ՀԿ-ի, Միրզոյանը վիճաբանել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ՝ կարգադրելով վերջինիս ձայնագրիչը նետել զուգարան: Եգորյանը ցանկացել է ձայնագրել ընտրությունների օրը Արտաշատի տեղամասերից մեկում տուժած դիտորդ Նարինե Էսմաելիի և հանձնաժողովի քարտուղարի առերես հարցաքննությունը: