Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչները այսօր, ինչպես և երեկ, փակել էին իրենց գյուղի մայրուղին և թույլ չէին տալիս մեքենաներին անցնել գյուղը: Երեկ տեղացած կարկուտի պատճառով գյուղացիները զրկվել են բերքից՝ ու սկսել են բողոքի ակցիաները՝ պահանջելով փոխհատուցում կրած վնասի համար:
Նրանք ձեռքերում պաստառներ էին պահել՝ «Պահանջում ենք փոխհատուցում» , «Մեզ լոբի պետք չէ», «Վնասի տնտեսական, ֆինանսական գնահատական» գրառումներով:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները բացատրել են, որ երկու տարի առաջ կարկուտի պատճառով իրենք մեծ վնասներ էին կրել, իսկ կառավարությունը ամեն ընտանիքի մի քանի կիլոգրամ լոբի է տվել և մի քանի շիշ բուսական ձեթ: Այժմ նրանք ցանկանում են խուսափել նման «փոխհատուցումից»:
Մեր հարցին, թե ինչու են հավաքվել հենց մայրուղու վրա, բողոքողները պատասխանել են, թե սպասում են իրենց մարզից ընտրված պատգամավորին, ում անունը չգիտեն, սակայն ի պաշտոնե նա պետք է գա և տեսնի` ինչ է կատարվում գյուղում:
«Քսանչորս ժամ է` կարկուտը եկել է, ոչ մի լրագրող չենք տեսել: Եթե մի նախարար մի այցելության է գնում, 15 լրագրող հետևից վազում է: Հիմա աղետն եղել է, մի լրագրող չի եկել»,- ասել է գյուղացիներից մեկը:
Հավաքվածներից մի պապիկ էլ պատմել է, որ երեկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եկել է իրենց գյուղ, կանգնել այն խաղողի վազի տակ, ափսոսանքով նայել բերքից ու տերևներից ամբողջովին զրկված վազերին և ասել. «Էս ծիրանի վրա սկի ծիրան չկա»:
«Ասեցի՝ ոնց լինի, սա խաղող ա: Եթե չի տարբերում ծիրանի ծառը խաղողի վազից, էդ ի՞նչ նախարար», – ասել է գյուղացին:
16:00-ի սահմաններում ճանապարհի երթևեկությունը վերականգնելու համար ժամանել են ոստիկանները և մարդկանց հեռացրել մայրուղուց:
Բողոքողները Epress.am-ի թղթակցին ասել են, որ հավաքվել են գյուղում, քանի որ ոչ բոլորը ունեն մեքենա ու փող հոգալու ճանապարահածախսը դեպի Երևան՝ կառավարության շենքի մոտ գալու համար: Նրանք, սակայն, ասել են, որ եթե այդպես էլ իրենց այցի չգան, ոտքով ճամփա կընկնեն դեպի Երևան: