Ազատամարտիկները հարստանալ, հարստություն կուտակել չեն ուզում, նրանց նորմալ ապրել է պետք, որպեսզի կարողանան նվիրված ծառայել իրենց հայրենիքին ու չհեռանան այստեղից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով մի քանի տասնյակ ազատամարտիկների հետ Ազատության հրապարակից երթով գնացել է ՀՀ կառավարության շենք:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ավետիսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, թե ՀՀ կառավարությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջները, անտեսում է ազատամարտիկների, զինծառայողների և նրանց ընտանքիների անդամների սոցիալական իրավունքները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը հատուկ քաղաքականություն է իրականացնում զինծառայողներին հնարավորինս ցածր կենսաթոշակ վճարելու նպատակով:
Այսօր Ավետիսյանը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունից պահանջում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները, վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը,ըստ այդմ կատարել վերահաշվարկ և փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:
Հայտարարությունում Ավետիսյանը նշել էր, որ նշված պահանջների կատարմանը հասնելու նպատակով 2013 թվականի մայիսի 11-ից, ժամը 10:00-ից նստացույցի դրմելու ու կոչ էր արել ազատամարտիկներին, կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև այս հարցով մտահոգ ՀՀ այլ քաղաքացիներին միանալ իրեն ու մասնակցել պայքարին:
Հայտարարությունից հետո Ավետիսյանին են միացել մի քանի տասնյակ ազատամարտիկներ՝ Երևանից և հանրապետության տարբեր մարզերից:
Ազատամարտիկներն իրենց պահանջները նամակի տեսքով այսօր հանձնել են կառավարությանը:
«Նամակի պատասխանը կստանանք, կտեսնենք, եթե մեզ կբավարարի, ավելի լավ: Մենք օրենքի մարդիկ ենք ու շարժվում ենք օրենքով: Այսօր կվերադառնանք Ազատության հրապարակ ու մինչև վաղը՝ առավոտյան ժամը 12-ը կլինենք այնտեղ: Այնուհետ կդադարեցնենք նստացույցը ու կսպասենք կառավարության պատասխանին: Եթե խնդիրը չլուծվի ու պահանջները չբավարարվեն, պատրաստ ենք շարունակել նստացույցը. այս անգամ նստացույցի տեղը կփոխենք՝ ավելի մոտիկ կգնանք վերևներին՝ մոտավորապես այն կշարունակենք ՀՀ սրտում», -ասել է գնդապետը՝ հավելելով, որ հաջորդ նստացույցի վայրը գաղտնիք է:
Ավետիսյանը նաև ասել է, որ իրենց հիմնական պահանջներից կենսաթոշակները բարձրացրելն է՝ դարձնելով 100 հազարից 200 հազար դրամ՝ ըստ կարգի: Այժմ ազատամարտիկների հիմնական մասը ստանում է 100 հազարից պակաս կենսաթոշակ:
Լուսանկարում ձախից՝ Վոլոդյա Ավետիսյանն է