Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը ներողություն է խնդրել վանաձորցիներից՝ նրանց անգիտակից անվանելու համար:
«Հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի ժողովուրդը և ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարած աշխատանքը: Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառը, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ: Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով եւ հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ»,- ասված է ներողության տեքստում:
Հիշեցնենք, որ 2013 թ. փետրվարի 21-ին «Հետք» էլեկտրոնային կայքում Վանաձորի քաղաքպետ Սամվել Դարբինյանը պարզաբանել էր նախագահական ընտրությունների ընթացքում Վանաձորում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը՝ ասելով. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:
Բազում կազմակերպություններից բացի՝ Դարբինյանից ներողություն հրապարակել պահանջել էր նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը՝ բավարարելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը:
Լուսանկարը՝ lorinews.com