Մաքսային միություն մտնելու հարցում Երևանի դիրքորոշումը «հստակ է և դրանում ոչ մի կասկած չկա»: Այս մասին երեկ Մինսկում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է «Ռիա Նովոստի» ռուսաստանյան գործակալությունը:
Նույն Տիգրան Սարգսյանը երկու տարի առաջ Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի համար անիմաստ է անդամակցել մաքսային միությանը` ելնելով տնտեսական պատճառներից:
«Անիմաստ է անդամակցել մաքսային միությանը, որովհետև մենք չունենք ընդհանուր սահման այդ մաքսային միության հետ: Համաշխարհային փորձում չկա այնպիսի օրինակ, որ չունենալով ընդհանուր սահմաններ, ստեղծվեն կամ անդամակցեն մաքսային միությունների, քանի որ կորում է այն տնտեսական օգուտը, որը դուք կունենաք, եթե ձեր ապրանքը հատում է սահմանն առանց մաքսային զննման: Այն պատճառով, որ մենք մաքսային միության հետ պետք է շփվենք երրորդ երկրների միջոցով և մաքսային բոլոր գործողությունները պետք է անցկացնենք, ոչ մի տնտեսական օգուտ դրանից չենք ունենա: Ավելին, մենք ստիպած կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը՝ համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին: Իսկ դա նշանակում է որոշակի փոփոխություններ տնտեսական կառուցվածքում, և դրան շատ դժվար է գնահատական տալ», – ասել էր ՀՀ վարչապետը:
Երկու տարի անց Դմիտրի Մեդվեդևը Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է Հայաստանի համար Մաքսային միությանը ինտեգրվելու կարևորությունը` ավելացնելով, որ հարկավոր է միայն նման համագործակցության համար ճիշտ ձևաչափ գտնել:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Տիգրան Սարգսյան հաստատել է Հայաստանի դիրքորոշումը և ավելացրել է, որ ժամանակն է ամեն ինչ որոշել տեխնիկական մակարդակով՝ «ինչ տեմպերով և ինչ քայլերով առաջ շարժվել»:
Հայաստանի վարչապետը նաև ասել է ռուսաստանցի գործընկերոջը, որ Մինսկում քննարկել է Միությանը ինտեգրման հարցը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյի հետ, և այդ հարցում փոխըմբռնում կա: