Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը, և նրա թիկնապահներից մեկը՝ Զարզանդ Նիկողոսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:
Երկուսն էլ կասկածվում են սպանության և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։
Ինչպես հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը, կասկածյալների շրջանակը այսքանով չի սահմանափակվում, և բացառված չէ, որ առաջիկայում կարգավիճակի փոփոխություն ունենան նաև այլ անձինք։
«Փաստինֆոն» նշում է, որ, դատելով նաև քրեական գործը Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու հանգամանքից, նախաքննական մարմինը հակված է կարծելու, որ հանցագործությանը մասնակից են եղել նաև զինվորականներ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, ՊՆ քննչական ծառայության քննիչների կողմից են կարող են քննվել միայն զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում կամ կազմակերպություններում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը։
Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել նաև N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ով ներկայումս գտնվում է Մուրացանի հոսպիտալում։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տեղեկացմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։