հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ո՞վ է տվել ՀԷԿ-ի թույլտվությունը և ով է պատասխանատու Գետահովիտում դժբախտ պատահարի համար

Ո՞վ է տվել ՀԷԿ-ի թույլտվությունը և ով է պատասխանատու Գետահովիտում դժբախտ պատահարի համար

Հունիսի 3-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում տեղի ունեցած պատահարի համար պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնում։ Գետահովիտում «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների ընթացքում ժայռաբեկորը պոկվել և ընկել էր էքսկավատորի վրա, որի հետևանքով զոհվել էր Եղվարդի բնակիչ, 26-ամյա Ա.Խալաթյանը:

ՀԷԿ կառուցող «Մեգաէներջի» ՍՊԸ տնօրեն Երեմ Սարգսյանը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում դեպքն անվանել է դժբախտ պատահար։

Թերթը հիշեցնում է, որ 2012թ. «Մեգաէներջին», ձեռքի տակ ունենալով կեղծ փորձաքննական եզրակացություն, որը հետագայում չեղյալ հայտարարվեց, առանց շինթույլտվության, Իջևանի արգելավայրում ճանապարհ էր բացել՝ ՀԷԿ-ի խողովակներն անցկացնելու համար, ու մնացել անպատիժ։ Երեկ Սարգսյանը հաստատել է, որ դեպքը այդ ճանապարհին է տեղի ունեցել։

ՀԷԿ-ի կառուցման տարածքը սողանքային գոտում է։ «Ինժեներ-երկրաբան» ընկերության ղեկավար, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը «ՀԺ»-ի հետ զրույցում նշել է, որ Գետահովիտը թեժ գոտի է։

«Ամբողջ Աղստևի հովիտը մենք ուսումնասիրել ենք։ Այնտեղ առկա են սողանքների առաջացման բոլոր պայմանները՝ լանջերի թեքություն, ճեղքվածքային գոտիներ, տեղումներ և այլն, սրանք բոլորն էլ սողանքի բուն են»,– ասել է գիտնականը։ Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր նոր շինարարություն կարելի է կատարել միայն մանրակրկիտ ուսումնասիրելուց և հետազոտություն անցկացնելուց հետո։

«էդ ՀԷԿ-ի թույլտվությունը ո՞վ է տվել։ Ո՞վ է տվել երկրաբանական հետազոտության եզրակացություն։ Եթե դրանք չկան, կառուցողն էլ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Ինչպե՞ս կարող են առանց առաջն առնելու, մարդկային զոհաբերությունների գնան»,– ասել է Ռուբեն Յադոյանը։ Նրա խոսքով՝ Աղստևի հովտի 30 տոկոսը սողանքային տարածքներ են, իսկ մնացածը ենթակա են նոր առաջացման։

Երկրաբան Վոլոդյա Սիմոնյանն էլ պնդում է, որ այդ կիրճում ընդհանրապես վտանգավոր է ՀԷԿ-ի կառուցումը։

«Այդտեղ ժայռ կա, որ արդեն փլվում է, շերտերը խախտվել են։ Կան տեղեր, որ տեկտոնական խախտումների պատճառով ժայռերը առանձին բլոկների են վերածվել։ ՀԷԿ-ի աշխատանքի արդյունքում տատանումներ են լինում, որոնք երկարատև են և արագացնում են փլուզման պրոցեսները»,– ասել է նա։

Կառուցման համար ինժեներաերկրաբանական հետազոտություններ կատարվել են, թե ոչ, գնահատվե՞լ են այդ տարածքում շինարարության ռիսկերը։ Այս պահի դրությամբ հիմքեր կան պնդելու, որ նման հետազոտություն չի կատարվել, չնայած «Մեգաէներջիի» տնօրենը հակառակն է պնդում։ Վերջինս, սակայն, ասաց, որ փաստաթուղթը չի կարող տրամադրել, քանի որ «շատ խիտ օրակարգ» ունեն։

Հողվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ «ՀԺ»-ի այսօրվա համարում։