Երևանի Չեխովի անվան համար 55 դպրոցից հեռացված աղջկա մայրը երբեք չի աշխատել որպես մերկապարուհի, ինչպես պատահարից հետո պնդում էր դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը: Այս մասին դեպքից մեկուկես ամիս անց մամուլին հասցեագրած նամակում գրել է 9-րդ դասարանի աշակերտուհի Լիդիա Սարգսյանի մայրը՝ Նատալյան, ով մասնագիտությամբ դիրիժոր է:
Կինը նաև տարածել է լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ աղջիկը դպրոցում ավելի պատշաճ հագուստով էր, քան նրա համադասարանցիները:
Մայրը պատմել է, որ սկանդալից հետո դպրոցի տնօրինությունը համադասարանցիներից և նրանց ծնողներից պահանջել է չշփվել «մերկապարուհու աղջկա հետ»:
«Աղջկաս ոչ պատշաճ տեսքի մասին խոսելիս՝ տնօրեն Սարուխանյանը կրկին սխալ տեղեկատվություն է տարածում: Հայտարարում եմ՝ այդ օրը երեխայի արտաքին տեսքը ամբողջովին համապատասխանում էր աշակերտուհու կերպարին (առանց որևէ դիմահարդարման, պատառոտված հագուստի, ձեռնոցների և այլ նման պարագաների), ինչի մասին անգամ գոյություն ունի փաստաթղթային ապացույց (նույն օրն արված լուսանկարներ): Բացի այդ, կան նաև ապացույցներ, թե ինչպես են հագնված աշակերտուհիները, ում տեսքը «համապատասխանում» էր դպրոցի պահանջներին: Ես չեմ ուզում մանրանալ և խորանալ Սարուխանյանի արարքի իրական պատճառների մեջ, հիմա կարելի է միայն գուշակել՝ ինչն էր դրդել նրան երեխային դպրոցից վռնդել: Դրա պատճառները, հավանաբար, եղել են «նյութապես շատ հարգելի»,- գրում է մայրը:
Նա պնդում է, որ տնօրեն Սարուխանյանը անչափահաս երեխայի հանդեպ անօրինական գործողություններ է իրականացրել: «Նա իրեն վստահված աշակերտուհու կյանքը ուղղակի վտանգի է ենթարկել, ինչը օրենքի հստակ խախտում է հանդիսանում: Տնօրենը առանց որևէ բացատրությունների աղջկան վռնդել է դպրոցից: «Իմ հանդեպ կոպիտ ֆիզիկական ուժ է կիրառվել ինչպես տնօրեն Սարուխանյանի, այնպես էլ իր ենթակաների կողմից: Սա հաստատվում է պետական բժշկական փորձագետի պաշտոնական փաստաթղթերով»,- հայտնում է Նատալյա Սարգսյանը:
Նամակում նա ներկայացրել է նաև դեպքի ժամանակագրությունը. «Ապրիլի 23-ին, ժամը 08:35-ին տնօրեն Գայանե Սարուխանյանը աղջկաս վռնդել է դպրոցից՝ ասելով. «…այս ինչ տեսք ունես, երբ հագուստդ փոխես, այդ ժամանակ էլ աչքիս կերևաս…»: Անչափահաս երեխան, հնավարություն չունենալով գնալ տուն (չունենալով ոչ տան բանալիներ, ոչ բջջային հեռախոս), ստիպված է եղել առանց իր անվտանգության համար պատասխանատու մարդկանց վերահսկման դրսում մնալ ավելի քան 5 ժամ:
Ժամը 14:30-ին ես անձամբ դիմել եմ կրթության նախարարություն՝ 610 սենյակ: Ինձ ընդունած աշխատակիցը կապվեց կրթության քաղաքային բաժնի հետ և ասաց, որ ինձ սպասում են համար 55 դպրոցում՝ պետք է գնամ և ամեն ինչ տեղում պարզեմ: 30 րոպե անց ես եկա դպրոց: Տնօրենի սենյակ մտնելուց առաջ ես միացրեցի բջջային հեռախոսիս ձայնգրիչը՝ զգուշանալով իրավիճակի երկակիությունից և հետևանքներից: Տնօրեն Սարուխանյանը նստած էր իր գրասեղանի մոտ, և ես սկսեցի զրույցը: Խոսքս ընդհատելով՝ Սարուխանյանը հարցրեց, թե արդյոք ես ձայնագրիչ սարք ունեմ, և պահանջեց, որ անձնական իրերս (դրամապանակ և բջջային հեռախոս) թողնեմ քարտուղարի սենյակում: Ես զանգեցի կրթության նախարարություն և ասացի, որ տնօրեն Սարուխանյանը հրաժարվում է ինձ հետ հանդիպել և խոսել: Ինչին ես ստացա պատասխան՝ «եկեք նախարարություն և բողոք գրեք»:
Գնալով քարտուղարի սենյակ, որտեղ գտնվում էին դպրոցի ուսուցիչներն ու տնօրեն Սարուխանյանը, խնդրեցի ինձ տալ հանդիպումից և զրույցից հրաժարվելը հաստատող գրավոր փաստաթուղթ՝ միաժամանակ բջջային հեռախոսիս միջոցով տեսագրելով Սարուխանյանի՝ ուսուցչին «սազական» և «համապատասխան» վարքագիծը: Սարուխանյանը, դեպի ինձ շրջվելով, ձեռքիցս խլեց բջջային հեռախոսս՝ միաժամանակ երեսիս շշից ջուր շփելով: Ես Սարուխանյանից պահանջեցի վերադարձնել իմ սեփականությունը: Սարուխանյանը հայտարարեց, որ հեռախոսս ինձ կվերադարձնի միայն այն դեպքում, եթե համաձայնեմ ջնջել հենց նոր կատարած տեսագրությունները:
Շարունակելով պահել հեռախոսս և փորձելով ինձ դուրս մղել գրասենյակից՝ Սարուխանյանը ներկա գտնվող ուսուցիչներին խնդրեց իրեն օգնության կանչել դպրոցի պահակ Գարիկ Թորոսյանին: Եկան պահակն ու զինպատրաստվածության ուսուցիչը: Սարուխանյանը սեփականությունս (բջջային հեռախոս) փոխանցեց պահակ Թորոսյանին, և նա, պահելով հեռախոսս, կոպիտ ֆիզիկական ուժ գործադրելով, ձեռքերս բռնելով և քաշքելով, սկսեց ինձ դուրս բրդել գրասենյակից՝ այդ ընթացքում պատռելով վզիս զարդը: Զարդը ընկավ գետնին, ինչին Սարուխանյանը հայտարարեց. «վերցրեք ձեր էժանակագին զարդը և գնացեք այստեղից»: Ես ասացի, որ կրում եմ այն, ինչ վաստակում եմ. ես չեմ գողանում կամ ապրում ուրիշների հաշվին (ճիշտ է արդյոք որ դպրոցի տնօրենն ու մանկավարժը այսպիսի նյութական գնահատական է տալիս ծնողներին և աշակերտների արտաքին տեսքի վերաբերյալ պահանջներ ներկայացնում՝ միևնույն ժամանակ հնարավոր համարելով դպրոց ղեկավարել թանկարժեք զարդեր (ադամանդե ականջօղեր և մատանի) կրելով: Առանց սենյակից դուրս գալու ես կրկնում էի սեփականությունս վերադարձնելու մասին պահանջներս: Պահակ Թորոսյանն ու ներկա ուսուցիչները ֆիզիկական ուժ գործադրելով, քաշքշելով և բրդելով ստիպում էին ինձ դուրս գալ սենյակից: Նրանք ճնշել և դռան բազմաթիվ հարվածներ են հասցրել ինձ, ինչի հետքերը երևում են լուսանկարներում և ինչը հաստատել է դատաբժշկական փորձագետը: Թորոսյանը հեռախոսս փոխանցեց գրասենյակում գտնվող ուսուցիչներին:
Մի քանի րոպե անց դուրս եկավ Սարուխանյանը և աներեսորեն ինձ հարցրեց, թե ինչ է պատահել, թե ինչու եմ այդքան անհանգստացած: Որոշ ժամանակ անց դուրս եկավ Թորոսյանը, ով խոսում էր իր բջջային հեռախոսով: Ես հետևեցի նրան՝ չդադարելով ներկայացնել հեռախոսս վերադարձնելու մասին պահանջներս: Թորոսյանը խոսում էր իմ բջջային հեռախոսի մոդելին համապատասխան հեռախոսների միջից ձայնագրություններ հեռացնելու հնարավորությունների մասին: Սա ապացուցում է իմ ձայնագրիչի միջոցով կատարած ձայնագրությունը, որում հստակ լսվում է՝ ինչպես են ուսուցիչները կանչում իմ հեռախոսը ապօրինի կերպով պահող և ինձ այն վերադարձնել խոստացող պահակին: Արհամարհելով պահանջներս՝ Թորոսյանը շարունակում էր շրջել դպրոցում, այնուհետև՝ մտավ տնօրենի գրասենյակ:
15 րոպե անց հեռախոսս հայտնաբերեցի տնօրենի ընդունարանում: Հեռախոսիս մեջ կային գաղտնի անձնական գրություններ (կոդեր, էլեկրոնային, բանկային հաշիվների գաղտնաբառեր և հասցեներ, անձնական փաստաթղթերի պատճեններ): Թե ով, որտեղ և երբ կարող է դրանք օգտագործել, կարելի է միայն ենթադրել: Տեղում ստուգելով հեռախոսիր վրա գտնվող տեղեկատվությունները՝ անձնական տեսագրություններ չհայտնաբերեցի:
2013 թվականի ապրիլի 25-ին որոշում ընունեցի երեխայիս մեկ այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու մասին»: