Պաշտոնական Անկարային դուր չի եկել Հայոց Ցեղասպանության մասին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Ա-ի հայտարարությունը:
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն ներկայացրել է իր տեսակետը և հիասթափությունը Անկարայում և Հռոմում Վատիկանի ներկայացուցիչներին», – թուրքական Hurriyet Daily News-ին հայտնել է թուրք դիվանագետը, ով չի ցանկացել ներկայանալ:
Նշենք, որ Հռոմի Պապն իր հայտարարությունն արել էր հունիսի 3-ին Հայոց կաթոլիկ եկեղեցու առաջնորդ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Պատվիրակության անդամներից մեկը նշել է, որ ինքը Ցեղասպանությունից տուժածների ժառանգ է, ինչին ի պատասխան Ֆրանցիսկոս Ա-ն ասել էր. «Հայերի ցեղասպանությունն առաջինն էր 20-րդ դարում»:
Խնդրի առնչությամբ Hurriyet Daily News-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ, ով նշել է, որ Հռոմի Պապը պատմական ճշմարտության մասին է խոսել:
«Թուրքիան պետք է չանտեսի ցավերը և առերեսի Ցեղասպանության փաստի հետ», – ասել է արքեպիսկոպոսը, ով, ի դեպ, ծնվել է Մալաթիա քաղաքում: