Խոշոր ներդրումներ անելու դեպքում, ՀՀ կառավարությունը միշտ էլ պատրաստ է հարկային արտոնություններ տրամադրել: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով Դիլիջանում միջազգային դպրոց ստեղծելու ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը:
«Մենք կունենանք տարածաշրջանում նմանը չունեցող միջազգային դպրոց, ավարտական փաստաթղթերը կունենան միջազգային ճանաչում, Սփյուռքի և Հայաստանի լավ սովորող ուսանողները կունենան կրթաթոշակներ: Ներդրումային ծրագրով նաև 60-70 միլիոն դոլարի ներդրումներ կարվեն տարածաշրջանում, 5-6 տարում կմեծանա զբոսաշրջիկների թիվը: 100 հոգի կաշխատեն զուտ համալիրում»,- ասել Սաֆարյանը:
Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրն է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը (լուսանկարում՝ երկրորդը՝ աջից): Հիմնադիրը նախատեսում է դպրոցը բացել 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ 30 հազար դոլար, սակայն աշակերտների 70%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ասել է, որ ինքը դեմ է նախագծին այն պատճառով, որ դպրոցի հիմնադիրները Հայաստանից 80 միլիոն դոլարի արտոնություն են ուզում, մինչդեռ նույնիսկ ծրագիր չունեն:
«Էսքան ասում ենք՝ օլիգարխ-օլիգարխ, բայց Հայաստանում որևէ օլիգարխ թույլ չի տվել իրեն նման բան ուզի պետությունից, ձև կա աշխատելու, թող գան լոբբինգ անեն, ծրագիր ներկայացնեն», – ասել է Բագրատյանը:
Օրենքի նախագծում փողերի լվացման ռիսկեր է տեսել ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Արամ Մանուկյանը:
«Ոչ մեկը դեմ չէ ներդրումներին: Ուղղակի մեզ հիմա ծրագիր ներկայացրեք: Ներկայացված չեն կրթական ծրագրի չափանիշները: Թող կրթական պռոյեկտը բերեն, հաստատենք և հավանություն տանք», – ասել է Արամ Մանուկյանը:
Լուսանկարը՝ President.am