Հայաստանում վերահսկվում են բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում նաև «Շանթը»: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանը:
Վերջինիս երեկ ազատել է աշխատանքից «Շանթ» հեռուստաընկերությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված հետևյալ գրառման համար. «Բայց ինչ նման ենք… Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…»:
Դուլյանի խոսքով՝ ինքը բոլորովին չի հասկացել, թե ինչու է հեռուստատեսության ղեկավարը, որին ինքը շատ մեծ հարգանքով է վերաբերվում, այդ ամենն իր վրա վերցրել, մինչդեռ ինքը նկատի է ունեցել հեռուստապատասխանատուներին, այսինքն՝ չինոնվիկներին, նախագահի մերձավոր շրջապատին:
«Եթե հեռուստատեսությունը սկսում է իր հաղորդումը նրանից, որ նախագահն ընդունել է Զիմբաբվեի դեսպանին, որը բացարձակապես ոչ մեկին չի հետաքրքրում… պարզ չէ՞, որ հեռուստատեսության ղեկավարը չի ուզում, որ այդպիսի բան լինի, պարզ չէ՞, որ նրան ստիպում են, ինչ-որ տեղից ցուցում կա, որ նման բան անի… Բոլոր այն հանրությունները, որտեղ վերահսկվում են հեռուստատեսությունները, շատ վատ են ապրում, չեն զարգանում», – «ՀԺ»-ի հետ զրույցում, մասնավորապես, ասել է Արմեն Դուլյանը:
Երեկ երեկոյան Դուլյանի ազատման առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Շանթ» հեռուստաընկերությունը. «Հարկ ենք համարում հայտարարել, որ «Շանթ» հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ: Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում: Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում և ոչ մի օգուտ չեն տալիս»:
Նշենք, որ Արմեն Դուլյանը երկար տարիներ աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում, 2008 թվականից «25 րոպե» հաղորդաշարն է վարել վարել Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), ապա տեղափոխվել է «Շանթ», որտեղ աշխատել է «Հորիզոն» լրատվականում:
Լուսանկարը՝ Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից