Փոփոխությունը պետք է լինի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մտածելակերպի մեջ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ին Մալթայից կրած պարտությունից հետո երեկ Դանիայի նկատմամբ տարած խոշոր հաղթանակին:
«Ես կարծում եմ՝ մենք էլ էինք մի քիչ մեղավոր, որ շատ մեծարեցինք, և, ինչպես հայ բոլոր ֆուտբոլիստները, եղել է պահ, որ իրենց ոտքերը կտրվել է գետնից: Բայց կարծում եմ՝ իրանք ամուր գետնի վրա են կագնած: Աստված տա, որ պահպանեն իրենց մարզավիճակը, իրենց մտածելակերպը», – հայտարարել է Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահի խոսքով՝ Դանիայի նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակն անսպասելի չէր, որովհետև ֆուտբոլիստները խաղացին այնպես, ինչպես պարտավոր էին, մինչդեռ Մալթայի հետ խաղում թերացան:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի այն հարցին, թե արդյոք ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարվելու ցանկություն չունի, Հայրապետյանը պատասխանել է. «Ազնվորեն ասած՝ ունեմ»:
Երբ լրագրողը հետաքրքրվել է նման ցանկության պատճառների մասին, ՀՖՖ նախագահը ծիծաղելով պատասխանել է. «Որովհետև դուք ուզում եք: Որ ժողովուրդը մի բան ուզում ա, ես անում եմ»: