Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հնչած ելույթից հետո Պալատի աշխատանքները քննադատել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Պարոն Զաքարյան, դուք ամեն անգամ գալիս, ներկայացնում եք պետական կառույցներում արձանագրված խախտումներն ու թերությունները, բայց հետո դրանք որևէ ընթացք չեն ստանում, մինչդեռ բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատախազություն։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչ պատասխան են տալիս չինովնիկներն իրենց կողմից կատարված յուրացումների համար», – ասել է Աբրահամյանը:
Զաքարյանը պատասխանել է, որ իրենք հանդիպումներ են անցկացրել տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ և խնդիր են դրել, որ կառավարությունը պարզաբանի, թե ինչ են արել նախարարները Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները հրապարակելուց հետո:
Զաքարյանի խոսքով՝ հիմանական խնդիրը գնումների համակարգում է, օրինակ՝ մրցույթում հաղթում է մի ընկերություն, որը ոչ արտադրող է, ոչ ներկրող:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իր հերթին, նկատել է, որ չարաշահումների մասին ՎՊ հայտարարությունները, ըստ էության, հանցագործությունների մասին հաղորդումներ են, և հարցրել է՝ արդյոք քրեական գործեր հարուցվել են իրավապահ մարմիների կողմից:
Զաքարյանն ասել է, որ միայն մեկ խնդրի՝ Արդարադատության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակներից (ԾԻԳ) մեկի մասով է, որ ՎՊ-ն գլխավոր դատախազությանը նյութեր է ներկայացրել:
Այլ բացահայտումների մասին նոր նյութեր ՎՊ-ից ոչ ոստիկանությունը, ոչ դատախազությունը չեն պահանջել: