ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը կարծում է, որ Հայրիկյանը պետք է լավ իմանա, որ իրավաբանները պարտավոր են հիմնվել ոչ թե խոսքերի, այլ փաստերի վրա: Այս մասին ասված է «Սիրունյան» փաստաբանական գրասենյակի Facebook-ի էջում տեղադրված հայտարարության մեջ:
Սիրունյան-Հայրիկյան վեճը սկսվել է երեք օր առաջ, երբ փաստանաբը հայտարարել էր, թե Պարույր Հայրիկյանի հագուստների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում վերարկուի, բաճկոնի, վերնաշապիկի և ներքնաշապիկի վրա գնդակի մուտքային անցքեր չկան:
Պատասխանելով Սեդրակյանի փաստաբանին՝ Հայրիկյանը News.am-ի հետ զրույցում ասել էր. «Ես գիտեմ իմ վրայի վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում»:
«Պարոն Հայրիկյանը պետք է որ լավ իմանա, որ իրավաբանները պարտավոր են հիմնվել ոչ թե խոսքերի, «մամայի արևների», «շատ տղա լինեմ»-ների վրա, այլ գործի քննության արդյունքում ներկայացված փաստացի ապացույցերի: Սիրունյա՞նն է մեղավոր, որ դատական փորձագետը իր եզրակացությունում նշել է, որ չի տեսել վնասվածքը: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գնդակն առանց հագուստը վնասելու է «մտել» Հայրիկյանի մարմնի մեջ: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գործին կից կան բազմաթիվ լուսանկարներ և ՉԿԱ վերքի լուսանկարը:
Եթե որևէ անձի վրա մահափորձ է իրականացվում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա առաջին հերթին պետք է շահագրգռված լինի, որ ազատազրկվի ԻՐԱԿԱՆ կատարողը, ինչում կհամոզվի ներկայացրած փաստերի հիման վրա: Տվյալ դեպքում, երբ ՓԱՍՏԱՑԻ ԱՊԱՑՈՒՅՑները բացակայում են, և «տուժող» կողմը հալած յուղի տեղ է ընդունում ամեն բան՝ ի տարբերություն Սիրունյանի չփորձելով պահանջել ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ, ակամայից հարց է առաջանում, թե արդյոք Հայրիկյանը շահագրգռվա՞ծ է, որ հայտնաբերվեն և պատժվեն իրական հանցագործները: Գուցե դա նրան պետք չէ՞ …
Եվ վերջում հիշեցնենք պարոն Հայրիկյանին, որ իր արտասահմանյան շրջագայությունը հնարավոր դարձավ նաև Սիրունյան իրավաբանական գրասենյակի վճարած հարկերի շնորհիվ: Առողջ եղեք, պարոն Հայրիկյան»,- ասված է Սիրունյանի գրասենյակի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակել էին հունվարի 31-ին: Մարտին նա բուժման է մեկնել Հոլանդիա, իսկ ապրիլին վիրահատվել է Բելգիայում:
Հանցափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալել են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, ովքեր, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, ինքնախոստովանական ցուցմունք են տվել: Համաձայն մեղադրական եզրակացության, Պողոսյանը կրակել է Հայրիկյանի վրա, Հարությունյանը կազմակերպել է մահափորձը, իսկ պատվիրատուն եղել է Վարդան Սեդրակյանը:
Պողոսյանն ու Հարությունյանը աշխատել են Սեդրակյանի տանը, զբաղվել են բնակարանի նորոգմամբ: ՀՀ նախագահի նախկին թեկնածուն մինչև ձերբակալվելն ասել էր, որ նախընտրական շրջանում Պողոսյանին ու Հարությունյանին է պատվիրել իր քարոզչանյութերը բաժանելը: Սամվել Հարությունյանը դատական նիստերից մեկի ժամանակ ասել է, որ Վարդան Սեդրակյանը մահափորձի հետ կապ չունի: