Արագածոտնի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը՝ պահանջելով լուծել թոշակներ բաժանելու հետ կապված խնդիրները:
Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտ Արայի, Ծաղկաշեն, Քուչակ, Շենավան, Հարթավան և մի քանի այլ գյուղերի բնակիչներ փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը և ներկայացրել են պահանջներ` կապված թոշակների բաժանման գործող մեխանիզմի հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ծաղկաշեն գյուղի գյուղապետ Խալաթ Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ իրենց գյուղերում թոշակ բաժանելը ոչ մի աշխատակցի վստահված չէ, թոշակները բերվում են հարևան Արագած գյուղ, որտեղից մեքենայով դրանք բաժանվում են հարևան մի քանի գյուղերում:
«Հարցը այն է, որ մեքենան մնում է գյուղում մոտ 30 րոպե, ով չի հասցնում թոշակ ստանալ, չի ստանում, մեքենան հեռանում է մինչև մյուս ամիս»,- ասել է գյուղապետը՝ նշելով, որ գյուղում կան թոշակառուներ, որոնք չեն կարողանում նույնիսկ մեքենային հասնել, և հերթի կռիվ անելու ուժ չունեն: Նրանցից շատերը, ըստ Ոսկանյանի, նույնիսկ հին անձնագրերը փոխելու համար չեն կարողանում հասնել մարզկենտրոն:
«Իրականում, գյուղացիները հիմա սկսում են պայքարել, որովհետև գիտեն՝ շուտով ձմեռ է գալու, մեր գյուղերը ձյան տակ կորելու են, ոչ մի մեքենա չի կարողանալու մտնել»,- ասել է գյուղապետը:
Գյուղացիները պահանջում են, որ ամեն գյուղ առանձին բաժանի թոշակները, իսկ հիվանդ թոշակառուների դեպքում այն պետք է հասցվի տներ: