Այսօր տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող մի քանի տասնյակ ակտիվիստներ ակցիա են անցկացրել ոստիկանության բաժնի մոտ՝ պահանջելով բերման ենթարկված իրենց ընկերների ազատ արձակումը:
Տրանսպորտի թանկացման դեմ ակցիան այսօր շեղվել է նախանշված օրակարգից: Բողոքող ակտիվիստները որոշել էին Երևանի քաղաքապետարանի մոտ իրենց բողոքը հայտնելուց հետո ակցիաներ անցկացնել Երևանի տարբեր կանգառներում, սակայն նրանցից մեծ մասը քաղաքապետարանի մոտից ուղեվորվեց դեպի Երևանի ոստիկանության կենտրոնական բաժին: Ակցիայի մասնակցիներից մի քանիսը բերման էին ենթարկվել, և ակտիվիստները որոշել են ակցիան շարունակել ոստիկանության մոտ՝ պահանջելով բաց թողնել բերման ենթարկվածներին:
Ոստիկանության բաժնի մոտ, սակայն, ոստիկանները բռնի ուժով բաժին են տարել ակիտիվստներից Արեգ Գևորգյանին և Սարգիս Գևորգյանին: Ոստիկանության մոտ հավաքված մի քանի տասնյակ ակտիվիտները որոշել են սպասել մինչև բոլորին ազատ արձակելը:
Բողոքի ակցիայի մասնակիցները նստացույց են սկսել ոստիկանության շենքի մոտ: Այդ ընթացքում ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանն ակտիվիստներին ասել է, որ, օրինակ, Արեգ Գևորգյանին բերման են ենթարկել հասարակական կարգը խախտելու համար, քանի որ վերջինս դեպքի ոստիկանության բաժին ճանապարհին երթի մասնակիցներին կոչ է արել Խանջյան փողոցը գետնանցումով չանցնել և փողոցը հատել երթևեկելի մասով:
Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո, սակայն, Արեգ Գևորգյանը նշել է, որ ինքը և նրա եղբայրը՝ ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանը, բերման են ենթարկվել երեկ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանին բռնության ենթարկելու և ոստիկանական մեքենային վնաս պատճառելու գործի առնչությամբ: Տվյալ գործով դեռևս ոչ մեկին մեղադրանք չեն առաջադրել, կան վկաներ և կասկածյալներ: Մյուս բերման ենթարկվածները՝ Վիլեն Գաբրիելյանը, Շանթ Գրիգորյանը, Վահե Մելքոնյանը, Սամվել Խաչատրյանը, Դավիթ Թովմասյանը և Գևորգ Սաֆարյանը, նույն գործով են անցնում: Արեգ Գևորգյանը նշել է, որ ինքը բաժնում նշել է, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են: Ազատ արձակելիս նրանց չեն ասել, թե արդյոք դա ժամանակավոր է, թե ոչ:
Մոտ 4 ժամ բաժնում մնալուց հետո բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել: Նրանցից երկուսին՝ Սամվել Խաչատրյանին ու Մաքսիմ Սարգսյանին բերման էին ենթարկել տանից, ևս մեկը՝ Վահե Մելքոնյանը, ներկա չի եղել այն միջադեպին, որի գործով իրեն կանչել են որպես վկա:
Քաղաքապետարանի և ոստիկանության մոտ մի քանի ժամ անցկացրած տասնյակ ակտիվիստներ չեն կարողացել մասնակցել օրվա ընթացքում «Վճարում ենք 100 դրամ» շարժման կանգառներում անցկացվող կետային ակցիաներին:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով երեկվա դեպքերին ու նշելով, որ «այն անձինք, ովքեր ոստիկանության դրսևորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության»: