Այսօր առավոտից Երևանի կենտրոնում շարունակվում են ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները: 5 ուսանողներ որոշել են ակցիա անցկացնել նաև մայրաքաղաքի ծայրամասերից մեկում՝ Ավանում:
Այսօր ժամը 11.00-ի սահմաններում մեկ տասնյակ ոստիկաններ փորձել են խոչընդոտել ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների ակցիան Ավանի կանգառներից մեկում: Ինչպես Epress.am-ին է պատմել ակտիվիստ Անի Կաղինյանը, 5 ուսանողներ պաստառներով կանգնած են եղել Ավանի Բաբաջանյան փողոցի կանգառներից մեկում, երբ իրենց են մոտեցել թվով առնվազն երկու անգամ գերազանցող ոստիկաններ և արգելել են 100 դրամ վճարելու կոչեր հնչեցնել:
Անի Կաղինյանի խոսքով՝ ոստիկաններին են միացել նաև, այսպես կոչված, թաղի տղերքը, Ավանի թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, համատիրության նախագահը, ովքեր փորձել են 5 ուսանողների ակցիան միջադեպի վերածել:
Մեր զրուցակիցը պատմել է՝ ինքը ակցիա անցկացնող տղաներին խորհուրդ է տվել սադրանքների չենթարկվել, որպեսզի իրենց խաղաղ ակցիան բախման չվերածվի: Երիտասարդները որոշել են նույն վայրում ակցիա անցկացնել երեկոյան, երբ իրենց կմիանան նաև այլ ակտիվիստներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Նշենք, որ նախքան Երևանի քաղաքապետ, իսկ մինչ այդ փոխքաղաքապետ աշխատելը, Տարոն Մարգարյանը զբաղեցրել է Ավանի թաղապետի պաշտոնը: