Հրաչյա Հարությունյանի փաստաբանը վստահեցնում է, որ անուշադրության չի մատնի մեղադրյալին կնոջ խալաթով դատարան տեղափոխելու հանգամանքը և հարցը տրամաբանական ավարտի կհասցնի:
Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով իրականացնում է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող և այժմ «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը, այսօր Երևանում հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Ինչպես հաղորդում է օմբուդսմենի գրասենյակը, զրույցի ընթացքում Ռուբեն Մարգարյանը նշել է, որ ինքը հուլիսի 24-ին քննիչից ստացել է մեկուսարանում մեղադրյալին այցելելու թույլտվություն, և հաջրոդ օրը հանդիպել է Հրաչյա Հարությունյանին «Մատրոսկայա տիշինա»-ում:
«Պահման պայմանները լիովին բավարար են, նա դուրս է գալիս շոկից, բայց դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն:
Ինչ վերաբերում կասկածյալին դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման ենթարկելու հանգամանքին, որը բոլորի մոտ վրդովմունք առաջացրեց, ապա ես վստահ եմ, որ պատկան մարմինները կտան իրենց գնահատականն այդ փաստին, և մարդու իրավունքների նման խախտումն անհետևանք չի մնա: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունն արդեն իսկ համապատասխան դիմում է ուղարկել, իսկ ես իմ կողմից կարող եմ ասել, որ և՛ որպես Հրաչյա Հարությունյանի փաստաբան-պաշտպան, և՛ որպես ՌԴ արդարադատության նախարարությանը կից գործող Հասարակական խորհրդի անդամ, մտադիր չեմ անուշադրության մատնել այս հարցը և վերաբերվել դրան որպես քիչ կարևորություն ունեցող հանգամանքի, ավելին, պատրաստվում եմ այն հասցնել տրամաբանական ավարտի:
Ակնհայտ է, որ այս միջադեպը որևէ կապ չունի մեղադրյալի ազգային պատկանելիության հետ, սա պարզապես ակնառու օրինակ է մարդու հանդեպ «համակարգային անտարբերության», ով քրեական դատավարության գործընթացում հայտնվել է կասկածյալ-մեղադրյալ կարգավիճակում: Այստեղ դժվար է մատնանշել մեկ չինովնիկի, ով թույլ է տվել իրավախախտում մի մարդու հանդեպ, ով տրավմայի և դեղորայքի արդյունքում այդպես էլ չէր հասկանում, թե ուր են իրեն տանում: Քննիչը, «իբր», պարտավոր չէր հետևել նրան, թե ինչ հագուստով մեղադրյալին կտանեն դատարան. նրա խնդիրն էր դատարան ներկայացնել կալանքի տակ վերցնելու մասին միջնորդություն, իսկ մացածը, «իբր», դուրս էր նրա պատասխանատվությունից:
Ուղեկցողները ևս «իբր» կապ չունեին. այդ պահին ձերբակալվածի համար պատասխանատու էիր ոչ թե Պատժի կրման ֆեդերատիվ ծառայությունը, այլ Ներքին գործերի նախարարությունը, իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին, նրանք պարզապես հսկում էին ձերբակալվածին հիվանդանոցում: Բժիշկները, ովքեր կտրել էին հիվանդի հագուստը օգնություն ցուցաբերելու համար, «իբր» պարտավոր չէին նրա համար այլ հագուստ փնտրել, առավել ևս, որ հիվանդին հիվանդանոցից որևէ տեղ տանելը նրանց նախաձեռնությունը չէր: Իսկ դատավո՞րը… Ահա դատավորը, ի դեպ, հենց այն անձն է, ով պարտավոր է դատարանի դահլիճում հետևել կարգուկանոնին, նա դատարանում գլխավորն է, և տարօրինակ է, որ նրա մոտ հարց չի առաջացել, թե ինչու մեղադրյալը, լինելով տղամարդ, կանացի հագուստով է: Գուցե և դատավորը մտածել է այդ հարցի շուրջ, սակայն ուշ է եղել, քանի որ դատարանի դահլիճ արդեն մուտք էին գործել լրատվամիջոցները, և կանացի հագուստով լուսանկարը, որը հետագայում դարձավ համընդհանուր քննարկաման առարկա, արդեն արվել էր: Ոչ ոք «իբր» մեղավոր չէ, բայց ստացվում է, որ բոլորը պարզապես անտարբեր էին: Այդ պատճառով էլ դա կարելի է անվանել «համակարգային անտարբերություն», որը չի կարելի հաղթահարել միայն ուղեկցող ոստիկանին նկատողություն տալով: Կրկնվեմ՝ բոլոր դեպքերում այս հարցը մենք տրամաբանական ավարտին կհասցնենք», – ասել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլկսի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Հարությունյանն ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Երկու օր առաջ նրան այդ վիճակում անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով դատարանի դահլիճ են բերել, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիաների պատճառ է դարձել: