Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու և նրան ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատական նիստը մեկնարկել է ժամը 12:00-ին: Վերոնշյալ միջնորդությունն արվել է նիստի առաջին հատվածում, որից հետո դատավոր Եվա Դարբինյանն ընդիմջում է հայտարարել, ապա չի բավարարել այն:
Դատական նիստի ընթացքում դատարանի շենքի առջև հավաքվել են ՀԱԿ ակտիվիստներին աջակցող 100-ից ավելի քաղաքացիներ: Նրանք ձեռքերում «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Մենք քեզ հետ ենք Դավիթ», «Արդարություն երիտասարդներին» գրությամբ պաստառներ էին պահել:
Նշենք, որ Տիգրան Առաքելյանն անազատության մեջ է 2011 թվականի օգոստոսի 9-ից՝ Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո: Համաձայն մեղադրանքի՝ Առաքելյանը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, մինչդեռ ՀԱԿ ակտիվիստները և միջադեպի ականատեսները պնդել են, որ ոստիկանները ծեծի են ենթարկել երիտասարդներին, ինչպես Կարապի լճի մոտ, այնպես էլ ոստիկանական բաժնում:
Այսօր դատարանում հնչեցրած իր խոսքում Տիգրան Առաքելյանն ընդգծել է, որ մինչ այս պահը կորած է համարվում այն վերնաշապիկը, որն իր հագին է եղել միջադեպի օրը: Բացի դա, քաղբանտարկյալը պահանջել է զննության ենթարկել տուժող ոստիկանին, ում քիթը, համաձայն մեղադրանքի, Առաքելյանը կոտրել էր միջադեպի ժամանակ: Մեղադրյալը նաև պահանջել է ներկայացնել քթի կոտրվածքը ապացուցողը ժապավենը: Առաքելյանն ասել է, որ ինքնապաշտպանության և իրեն ծեծող ոստիկանին վնասազերծելու համար նա պատրաստ կլիներ ոստիկանի ոչ միայն քիթը, այլ նաև գլուխը կոտրել, բայց բերման ենթարկվելու պահին ոստիկանն իրեն խեղդելիս է եղել՝ վնասվածք հասցնելով պարանոցի հատվածում, և ինքն այնպիսի դիրքում է եղել, որ հնարավորություն չի ունեցել պաշտպանվել անգամ:
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 12-ին:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 14-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Առաքելյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանին՝ 3,5, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին՝ 2 տարվա ազատզրկման:
2012 թվականի նոյեմբերի 13-իօն Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, իսկ այս տարվա մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործը կրկին ուղարկել նույն դատարան՝ քննության: