Այսօր Կոմիտաս 5 հասցեում շենքի կառուցման դեմ անցկացվող ակցիայի ժամանակ միջադեպ է գրանցվել, որի հետևանքով տուժել է ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը: Հիշեցնենք, որ վերջինս երեկվա ակցիայի ժամանակ կտրել էր ձախ ձեռքի երակները:
Epress.am-ի հետ զրույցում ակտիվիստ Անի Կաղինյանը պատմել է, որ քաղաքացիական հագուստով մի անձ խլել է իր հեռախոսը և սպառնացել է ջարդել այն: Կաղինյանը հետ վիճելուց հետո՝ երիտասարդը վերադարձրել է հեռախոսը: Վեճին ականատես ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը միջամտել է և քաղաքացին նրան հրավիրել է առանձին զրույցի՝ դիմացի մայթին գտնվող Արևելյան խոհանոց սրճարանում: Այնտեղ էլ երեք քաղաքացիներ ծեծել են Գրիգորյանին: Միջադեպին ներկա են եղել ևս երկու ակտիվիստ, ովքեր Գրիգորյանի հետ մեկնել են ոստիկանության Արաբկիրի բաժին ցուցմունք տալու համար:
Ինչպես Epress.am-ին ասել է Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանը՝ իրենք հանցագործների դիմագծային նկարագիր են տալիս: Ոստիկանը նշել է, որ իրենք չգիտեն, թե ովքեր են եղել Գրիգորյան ծեծի ենթարկողները:
Բողոքի ակցիայի վայրում հավաքված ակտվիստներից մի քանիսը կարծիք են հայտնել, որ քաղաքացիական հագուստով անձինք դեպքի վայր ժամանած Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի անվտանգության աշխատակիցներն են եղել:
Լուսանկարը՝ տեղադրվել է ռեժիսոր Վարդան Հակոբյանի կողմից Facebook սոցիալական ցանցում