Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Գասպարին իր նամակի տեքստը տեղադրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում, ինչպես նաև ուղարկել է ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Գասպարին նշում է, որ օգոստոսի 22-ին երեկոյան ժամը 19:00-ից ավելի քան մեկ ժամ տևողությամբ Պռոշյան փողոցում՝ Ս. Հովհաննես եկեղեցու դիմաց, 2 նաև 3 շարքերով կայանել էին սև մեքենաներ՝ ոստկանական համարանիշներով: Նշենք, որ դեպքի մասին Վարդգես Գասպարին հայտնել էր Epress.am-ին երեկ երեկոյան:
Հաղորդման մեջ նա նշել է, որ ոստկանությունը փակել էր Դեմիրճյան խաչմերուկից դեպի ներքև՝ (ընդհատումներով նաև ներքևից դեպի վերև) Պռոշյան փողոց տանող ճանապարհը և դադարեցրել երթևեկությունը:
«Վերոհիշյալը, բացի ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում լինելուց, այլոց, այդ թվում և իմ իրավունքների խախտում է: Ես, մասնավորապես, հարկադրված, ավելի քան մեկ ժամ սպասել եմ, որպեսզի ճանապարհը բացվի և ես կարողանամ երթուղային տաքսով գնալ քաղաքապետարան:
Վերոհիշյալը նաև ոստիկանության օրենքից վեր լինելու և սեփական անպատժելիության ցուցադրական դրսեւորում է, բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, որը Քրեական օրենսգիքը բնորոշում է որպես խուլիգանություն:
Պահանջում եմ հարուցել քրեական գործ, որի շրջանակում պարզել.
Ա. Ավելի քան մեկ տասնյակ ոստիկանական մեքենաները տվյալ ժամանակ, տվյալ վայրում ծառայություն էին իրականացնում, թե ծառայողական մեքենաները օգտագործվել են մասնավոր նպատակների համար:
Բ. Քննել Ճանապարհային ոստիկանության անգործությունը օրինախախտ վարորդներին պատասխանատվության չենթարկելու, խախտումը չկանխելու և չվերացնելու կապակցությամբ:
Գ. Քննել Ճանապարհային ոստիկանության ճանապարհը փակելու օրինականության հարցը: Այն հիմնավոր չլինելու դեպքում պատասխանատվության ենթարկել, իրենց իրավունքները գերազանցած և չարաշահած ծառայողների նկատմամբ», – գրել է Վարդգես Գասպարին: