Թեև այս տարվա մայիսին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքով տուժել էր 12 հազար ընտանիք, սակայն առաջիկայում փոխհատուցում կստանան միայն 6 հազարը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ընտանիք «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ից ստանալու է մոտ 40 հազար դրամ, որն անգամ 100 դոլարից քիչ է:
Հիմնադրամի նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ այս ուրբաթ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունենալու ժողով, որի ընթացքում ծրագրվելու է, թե ինչպես պետք է բաժանվի գումարը:
«Եթե մենք բոլորին տայինք, կհասներ 12 հազար դրամ: Բայց որոշել ենք, որ գումարն ամենակարիքավորներին է բաժանվելու: 40 հազար դրամն էլ հարցի լուծում չէ, 80-ն էլ, 100-ն էլ», – ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենք չեն սահմանափակվելու այսքանով:
Թերթը նշում է, որ հիմնադրամը հավաքել է 240 միլիոն դրամ, բայց կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ: