Երեկ երեկոյան անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ատիվիստներից Հայկակ Արշամյանի վիճակը բավարար է, նրան գիշերը՝ 02.00-ի սահմաններում տեղափոխել են տուն, իսկ Սուրեն Սաղաթելյանին (լուսանկարում) այս պահին վիրահատում են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայկակ Արշամյանը: Նա ևս պետք է գնա հիվանդանոց՝ վիրակապերը փոխելու: Արշամյանի այտը կարել են: Այտի վնասվածքը լուրջ է եղել, քանի որ հարձակվողները խփել են կաստետով: Տուժածը ունի վնասվածքներ ձեռքերին ու ոտքերին ևս:
Այս պահին Սուրեն Սաղաթելյանը քթի վիրահատության է ենթարկվում Առաջին հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքում: Նա ստացել է ուղեղի ցնցում, մատի և քթի ջարդվածք, գլխի մաշկի պատռվածք՝ կաստետով հարվածի հետևանքով:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ակտիվիստների վրա հարձակվել է 6-7 մարդ, ովքեր մեքենայով հետևել են նրանց մինչև տան բակը, որտեղ էլ ծեծել են, երբ ակտիվիստներն իջել են մեքենայից:
Դեպքի մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել Ոստիկանությունը: Ըստ հաղորդագրության՝ դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: