Էջմիածնում բնակվող բազմազավակ ընտանիքն այսօր կրկին՝ արդեն 4-րդ անգամ անժամկետ նստացույց է սկսել նախագահական նստավայրի մոտ: Հիշեցնենք, որ ընտանիքի հայրը՝ Աշոտ Խուդոյանը, պնդում է, որ իր պապու կտակը կեղծվել է, և այժմ պահանջում է արդար քննություն անցկացնել:
4 երեխաների և կնոջ հետ 4-րդ անգամ նախագահական նստավայրի մոտ գալով՝ Խուդոյանը Epress.am-ի զրույցում ասել է, որ այս անգամ պատասխան է ակնկալում «հենց նախագահից»: Նախորդ անգամ, երբ ընտանիքը սկսել էր նստացույցը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է, եկել և համոզել էր Խուդոյաններին վերադառնալ Էջմիածին և ընտանեկան վեճը հանրության քննարկման առարկա չդարձնելով՝ Էջմիածնում քննարկել հարցը եղբոր հետ: Գրիգորյանի հետ Խուդոյաններին համոզելու էին եկել նաև Էջմիածնի փոխքաղաքապետը, ոստիկանապետը և մի քանի այլ պաշտոնյաներ:
Այսօր Աշոտ Խուդոյանը Epress.am-ին ասել է, որ քաղաքապետի միջնորդությունն օգուտ չի տվել, և իր եղբայրը, թեև սկզբից համաձայնել է տունը թողնել իրեն, հետագայում հետ է կանգնել խոստումից:
«Այսօր էլ, երբ ես ասեցի, որ էլ հույս չունեմ, անժամկետ նստացույց եմ սկսում, փորձեցին ինձ համոզել, որ չգամ, ասեցին՝ ժամանակ տուր, բայց ես էլ չեմ սպասի, հույս չկա: Ընդամենը ուզում էին իմ նսատցույցը դադարեցնել, հարցի լուծմանը չեն օգնում»,- ասել է Խուդոյանը:
Epress.am-ը կապվել է Էջմիածնի քաղաքապետարանի հետ՝ ցանկանալով պարզել, թե ինչ է անում քաղաքապետը հարցի լուծման համար: Քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանել է, որ Կարեն Գրիգորյանը զբաղված է: