Խոտի դեզի այրման փաստի առթիվ հարուցված գործով ամբաստանյալներից մեկի՝ Ռոբերտ Փիլոյանի առողջական վիճակը խիստ վատացել է: Երեկ նրան այցելել է բժիշկը և զննության արդյունքում եկել է եզրակացության, որ Փիլոյանն ունի սրտի երրորդ աստիճանի խնդիրներ, արյան ճնշումը բարձր է և չի հաջողվում իջեցնել: Արդյունքում Փիլոյանը չի կարողանում կանգնել և արդեն մի քանի օր է՝ պառկած է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Փիլոյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ իր մոտ է այժմ բժշկի եզրակացությունը, և այն ներկայացնելու է դատարանում՝ հոկտեմբերի 7-ին՝ պահանջելով փոխել խափանման միջոցը: Նշենք, որ Փիլոյանն արդեն մոտ 5 ամիս գտնվում է կալանքի տակ:
Նախկինում դատարանը չի բավարարել խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունները, բացառությամբ Արթուր Քլյանի դեպքի: Մյուս մեղադրյալներ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը շարունակում են մնալ կալանքի տակ:
Նշենք, որ գործով անցնող մյուս մեղադրյալ Արամ Մուղալյանը երեկ դադարեցրել է ջրադուլը: Նա ջրադուլ էր հայտարարել սեպտեմբերի 30-ին: Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը Epress.am-ին հայտնել է, որ Մուղալյանը շարունակում է հացադուլը: Բժիշկների գնահատմամբ՝ ջրադուլը դադարեցնելուց հետո նրա կյանքին վտանգ չի սպառնում: