Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը որոշել է, որ «Հարսնաքարի» գործով անցնող տուժողները ևս մեկ անգամ ցուցմունք կտան:
«Հարսնաքարի» աղմկահարույց գործով այսօրվա դատական նիստի մեկնարկին դատախազ Արմեն Մարուխյանը հայտարարել է, որ ոչ մի միջնորդություն չունի:
Դատախազի խոսքը կարևոր էր այնքանով, որ նախորդ նիստերից մեկում ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը միջնորդել էր վերսկսել դատաքննության փուլը: Նա հայտարարել էր, որ 2012 թվականի հունիսի 17-ին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին միայն ինքն է ծեծել, որի հետևանքով վերջինս մահացել է հիվցանդանոցում դեպքից 12 օր անց: Ամբաստանյալներ Արթուր Բաբլոյանը և Գարիկ Մարգարյանը ևս փոխել էին իրենց ցուցմունքները:
Ըստ այդմ, դատախազը կարող էր փոխել մեղադրականը (նախկինում նա բոլոր 6 ամբաստանյալների համար 13 տարի էր պահանջում): Մարուխյանը, սակայն, դատարանին ոչ մի նոր բան հայտնելու չուներ:
Դատավոր Դավիթ Հարությունյանը, իր հերթին, հայտարարել է, որ, իր կարծիքով, ամբաստանյալների փոփոխված ցուցմունքներից հետո հարկ է կրկին հարցաքննել տուժողներ Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին և Արկադի Աղաջանյանին:
Քանի որ այսօրվա նիստին տուժողները չէին ներկայացել, դատավորը որոշում է կայացրել հետաձգել նիստը և նրանց հարցաքննությունը կազմակերպել երկուշաբթի կայանալիք նիստին: