ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման և դրանց գործունեության կարգը:
Համաձայն ԱԺ կայքում հրապարակված փաստաթղթի՝ Պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների, պատգամավորական խմբերի պատգամավորների հիմնական և փոխարինող կազմում ներկայացվածության համամասնությունները սահմանում է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի պատգամավորների թվաքանակը:
Ազգային ժողովի նախագահը կարող է նաև սահմանել ռոտացիոն կարգ` հնարավորություն ընձեռելով պատվիրակության կազմում չընդգրկված խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչներին որոշակի պարբերականությամբ ընդգրկվելու համապատասխան պատվիրակության կազմում:
Ազգային ժողովի նախագահը Պատվիրակությունների կազմերում իր հայեցողությամբ կարող է ընդգրկել նաև Ազգային ժողովի խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորի (պատգամավորների):
Պատվիրակությունների անհատական կազմը, որպես կանոն, ձևավորվում է տարին մեկ` մինչև հերթական օրացուցային տարվա սկիզբը:
Նոր կարգի համաձայն՝ ստանալով պատվիրակության կազմում թեկնածուներ առաջադրելու մասին առաջարկությունը` Ազգային ժողովի խմբակցությունների (պատգամավորական խմբերի) ղեկավարները երկշաբաթյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում են թեկնածություններ: Թեկնածությունները ներկայացվում են Ազգային ժողովի համապատասխան խմբակցության (պատգամավորական խմբի) անդամներից, ովքեր տիրապետում են համապատասխան միջազգային խորհրդարանական կազմակերպության աշխատանքային լեզուներից որևէ մեկին:
Թեկնածությունները ներկայացվում են Ազգային ժողովի համապատասխան խմբակցությանը (պատգամավորական խմբին) պատվիրակությունում հատկացված տեղերի թվով: Թեկնածությունները ներկայացնելիս Ազգային ժողովի խմբակցությունների (պատգամավորական խմբերի) ղեկավարները պետք է հաշվի առնեն սեռերի արդարացի ներկայացվածության սկզբունքը:
Փաստաթղթի 10-րդ կետում նշված է, որ պատվիրակության փոխարինող կազմից որևէ անդամի գործուղման նպատակահարմարությունը յուրաքանչյուր դեպքում որոշում է Ազգային ժողովի նախագահը` կախված տվյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության օրակարգային հարցերից:
Նշենք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում փոխարինող անդամ է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով մշտապես գործղուվել է Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նստաշրջաններին մասնակցելու համար: Համաձայն ստորագրված փաստաթղթի, փաստորեն, նրա գործուղումը կարող է նպատակահարմար չլինել ԱԺ նախագահի համար: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ կփոխի ԵԽԽՎ պատվիրակության կազմը՝ այնտեղից հանելով Զարուհի Փոստանջյանին այն բանից հետո, երբ Ստրասբուրգում պատգամավորը կազինոներում խաղալու մասին հարց էր ուղղել Սերժ Սարգսյանին:
11-րդ յետում նաև նշվում է, որ եթե այլ բան նախատեսված չէ միջազգային խորհրդարանական կազմակերպության կանոնադրությամբ, ապա միջազգային խորհրդարանական կազմակերպության հանձնաժողովներում (մարմիններում) պատվիրակության անդամների ներգրավվածության հարցը որոշում է Ազգային ժողովի նախագահը՝ խորհրդակցելով պատվիրակության ղեկավարի հետ: