Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող հուշարձանի` ‹‹Փակ շուկայի›› ապօրինի քանդման և շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Այս մասին ասված է «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ «Փակ շուկան» պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին և գործում է որպես «Երևան Սիթի»:
Կուսակցությունը նշում է, որ հուշարձանը քանդողը և պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել:
Այժմ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորած անգործությունը վիճարկվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Գործի քննության ժամանակ ի հայտ են եկել հետևյալ փաստերը`
1. Ճարտարապետահատակագծային առաջադրանք 08.08.2012թ / պահանջ՝ մշակել ‹‹Ծածկած շուկայի›› վերակառուցման ստորգետնյա հարկերի իրականացման նախագիծ/:
2.Շինարարության թույլտվություն /ձևաթուղթ/՝ բացակայում է հիմք հանդիսացող նախագիծը:
3.Քանդման թույլտվությունը բացակայում է՝ գործում առկա է մի ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտը:
4.Տեսչական ստուգում՝ սկզբնականը բացակայում է:
Գործում առկա է շինարարական կապալի պայմանագիր 01.09.2012թվական ‹‹Թիվ 1 շուկայի›› և ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ի կողմից կնքված, սակայն բացակայում է այն շինարարական լիցենզիան, որի համաձայն այդ կազմակերպությունը կարող է կատարել պատմամշակութային հուշարձանի վերանորոգման աշխատանքներ:
Համադրելով շինարարության թույլտվության օրենքով սահմանված պահանջները՝ գործում առկա փաստաթղթերի հետ ակնհայտ է դառնում ՀՀ ոստիկանության կողմից ո´չ բազմակողմանի, ո´չ լրիվ և ո´չ օբյեկտիվ քննությունը», – հայտարարում է «Ժառանգությունը»:
Գործով դատական նիստը կայանալու է 2013 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 16:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: