Այսօր` ժամը 21․30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայից Արաբկիրի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել 4 ակտիվիստներ, ովքեր Կրակոտ դդումի (աշխարհում հայտնի է որպես Հելոուին-խմբ.) տոնի կապակցությամբ նախագահական նստավայրի դարպասների դիմաց Սերժ Սարգսյանի համար նախատեսված դդում են տեղադրել։ Այս մասին Epress.am-ին պատմել է բերման ենթարկված ակտիվիստներից մեկը՝ Անի Կաղինյանը: Նա նշել է, թե Սարգսյանի համար նախատեսված դդումը նույնպես բերվել է ոստիկանության բաժին:
Կաղինյանը պատմել է նաև, որ իրեն, Արգիշտի Կիվիրյանին, Լուսինե Հովսեփյանին ու Նանե Մինասյանին ոստիկանները ուժի կիրառմամբ են նստեցրել ոստիկանական մեքենան։
«Տոնի կապակցությամբ որոշեցինք նվեր մատուցել Սերժ Սարգսյանին՝ կրակոտ դդում, քանի որ նա կրակոտ տղա է: Դդումը թողեցինք նստավայրի մոտ: Ավելի ուշ ոստիկանները մոտեցան ու մեզ քաշքշելով, բռնություն գործադրելով նստեցրին մեքենան։ Նշեմ, որ երեք ակտիվիստներս իգական սեռի ներկայացուցիչներ ենք, ինչը ոստիականներին բացարձակ չհետաքրքրեց», -ասել է Կաղինյանը։
Կեսգիշերին մոտ ակտիվիստներին բաց են թողել: Նրանք բաժնում են մնացել 3 ժամ 10 րոպե, ոստիկանները նշել են, որ ակտիվիստները վարչական իրավախախտում են արել, քանի որ իրավունք չունեին մոտենալ կամ քայլել հատուկ պահպանվող շենքի կողքով, որը նախագահական նստավայրն է: Ակտիվիստները ոչ մի թղթի տակ չեն ստորագրել՝ նշելով, որ իրավունք ունեն քայլել ցանկացած վայրում և իրենց նախագահին նվերներ անել:
Հիշենցնենք, որ 2012 թվականի հունիսի 30-ին «Արտ լաբորատորիա» արվեստագետների խումբը Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահական նստավայրի մոտ տորթ էր թողել, որի վրա գրված էր «Հեռացիր»: