Սայաթ-Նովա 10-12 հասցեում առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել: «Լարկո գրուպ» ընկերությունը, որը ցանկանում է վերոնշյալ հացեում շինություն կառուցել, այսօր շինտեխնիկա է մտցրել բակ: Շինարարության դեմ պայքարող բնակիչներն արագ արձագանքել են՝ իջնելով բակ ու շրջապատելով շինարարական մեքենաները:
Բնակիչների խոսքով՝ թեև վաղուց հարմարվել են բակում ստեղծված արտակարգ դրության ռեժիմին և մյուս օրերի պես այսօր էլ կաթսայատան մոտ ողջ գիշեր հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենան իրենց չի զարմացրել, սակայն
լուսադեմին նկատել են, որ բակ ժամանած մեծ թվով ոստիկանները շրջապատել են կաթսայատունը և հետևել են, որպեսզի շինանյութեր տեղափոխող մեքենան անվտանգ մտնի բակ:
Հավաքված բնակիչները փակել են շինարարական մեքենայի ճանապարհը և ստիպել վարորդին այն հեռացնել բակից, ինչն առաջացրել է շինարարության ղեկավարի զայրույթը:
Վերջինս բնակիչներին ասել է, թե ամեն գնով շինությունը կառուցվելու է, և բանվորներից պահանջել է մեքենայից հանել շինանյութերը:
Ժամեր շարունակ տևած ակցիայի արդյունքում բնակիչները ստիպել են, որպեսզի մեքենան բակից դուրս գա:
Բակում, բացի ոստիկաններից, լրագրողներից և բնակիչներից, մի քանի խումբ անծանոթ անձինք էին հավաքվել: Բնակիչների խոսքով՝ դրանք սադրիչներ են: Նրանք հիշեցրել են, որ վերջին ամիսների ընթացքում իրենց հաճախ սպառնացել են անծանոթ երիտասարդներ՝ պահանջելով չբողոքել շինարարության դեմ:
Անծանոթները լուսանկարում ու տեսանկարում էին լրագրողներին: Բակից նրանց հեռացնելու պահանջներին ոստիկաններն արձագանքում էին միայն այն ժամանակ, երբ բնակիչների ու անծանոթների միջև վիճաբանություն էր սկսվում:
Բնակիչները պահանջել են քաղաքապետարանի պատասխանատու ներկայացուցչին գալ բակ ու պարզաբանում տալ, սակայն ոչ ոք այդպես էլ չի եկել: Այս պահի դրությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանների թիվը մեծացել է՝ հասնելով մոտ 100-ի, բակ է բերվել նաև 2 շտապօգնության մեքենա: