Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի (լուսանկարում)՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի մոտ հայտնաբերվել էր 98 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:
Փաստաբանի խոսքով՝ այդ թմրանյութը Դավիթը ձեռք էր բերել Ագարակում՝ իր օգտագործման համար, մեկ օր մնացել էր այնտեղի հյուրանոցում, իսկ իրավապահները նրան հայտնաբերել էին դեպի Երևան վերադարձի ճանապարհին: Գնած թմրանյութը Դավիթը դեռ չէր հասցրել օգտագործել, բայց նախկինում նա թմրանյութ օգտագործել է:
«Ինքը ընդամենը օգտագործող է, որոշ երկրներում նաև դեղատներում են դրանք վաճառվում: Հիմիկվանից արդեն ճիշտ դաստիարակման ուղին է վերցրել, որ պետք է դա չօգտագործի, հետ կանգնի: Բարձրագույն կրթությամբ տղա է, պետք է հասկանա, դա օրենքով արգելված բան է», – նշել է Վահան Հայրապետյանը:
Նշանակված տոքսիկոքիմիական փորձաքննության պատասխանը դրական է եղել, նրա մեզի և մազի մեջ հայտնաբերվել էր հաշիշ: Փաստաբանը շեշտել է, որ եթե անձը թմրանյութ օգտագործած է լինում ամիսներ առաջ, ապա, միևնույն է, այն հայտնաբերվում է, քանի որ դա պահպանվում է:
Հայրապետյանի խոսքով՝ Դավիթը մեղքը ընդունել է այն մասով, որ ինքը թմրանյութ է գնել իր անձնական օգտագործման համար, իսկ մնացածը, թե դա Իրանից է գնել, հիմարություններ են:
Փաստաբանն առայժմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդություն չի ներկայացրել, ուշ է ներգրավվել գործում, այժմ չի կարող նման միջնորդություն ներկայացնել, բայց եթե նախաքննական մարմինը երկրորդ անգամ կալանքի միջնորդությամբ մտնի դատարան, ինքը կմիջնորդի, որ խափանման միջոցը փոխեն և Դավիթը գրավով ազատ արձակվի:
Հայրապետյանը նաև ասել է, որ Յուրի Վարդանյանը չի հետաքրքրվում գործի քննությամբ, ինքն իր գործն է անում:
Դավիթ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով) և 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով:
Լուսանկարը՝ Aravot.am