Հայաստանի և Ռուսաստանի միջև դեկտեմբերի 2-ին ստորագրված երեք սկզբունքային համաձայնագրերում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ «Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ՝ այսօր նման որոշում է կայացրել ՀՀ Սահմանադրական դատարանը՝ քննության առարկա դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերը:
Նշված երեք գործերով զեկուցողներ են նշանակված համապատասխանաբար ՍԴ անդամներ Աշոտ Խաչատրյանը, Վալերի Պողոսյանը և Մանուկ Թոփուզյանը: Դեկտեմբերի 20-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան` համաձայնագրերը վավերացնելու նպատակով:
Համաձայնագրերն ԱԺ-ում քննարկվելու համար անհրաժեշտ է ՍԴ-ի եզրակացությունը: ՍԴ- որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։