Ոստիկանությունն ուսումնասիրում է Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն բռնության ենթարկելու մասին հայտարարությունները, փոխանցում է ոստիկանության լրատվության բաժինը։
Կալանավորված Շանթ Հարությունյանի ընտանիքն ու համախոհները պահանջում են հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել դեկտեմբերի 30-ին քաղաքի կենտրոնում 14-ամյա Շահեն Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրած անձին:
Դեռևս անհայտ անձը թռուցիկներ բաժանելու պահին Հարությունյանին հրել գցել է գետնին, տղայի և ներկաների պնդմամբ, թևերը ոլորելով պահանջել է ուտել գետնին ընկած թուղթը։ Եվ Շահեն Հարությունյանը, և ընկերները կասկածում են, որ այդ անձը քաղաքացիական հագուստով ոստիկան է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Մետրոյի «Բարեկամություն» կայարանում։
Շանթ Հարությունյանի որդին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, այդ օրը ոստիկաններն ի սկզբանե փորձել են խոչընդոտել հունվարի 1-ի ակցիայի մասին իրազեկող թռուցիկները բաժանել, իրենք չեն ենթարկվել, և մետրոյից դուրս գալու ժամանակ այս տղամարդն է մոտեցել։
«Ասաց՝ դուրս էկեք, ու ահավոր կոպիտ։ Ասացինք՝ ձեր փաստաթուղթը ցույց տվեք, որ ոստիկան եք, պատասխանեց՝ ես ոստիկան չեմ, քաղաքացի եմ։ Ու հենց դա ասելու վրա ոստիկաններին հրաման է տալիս, ասում է՝ սրանց դուրս հանեք ստեղից։ Հետո քաշքշուկ, ձեռքերս ոլորեց, գցեց գետին, ասաց՝ դե կեր գետին ընկած թուղթը։ Ընկերներս հազիվ բաժանեցին…»,- պատմել է պատանին։
Շահեն Հարությունյանի պնդմամբ՝ մինչ այդ ոստիկաններն իրենց հետևել են, մտել են վագոնները, անընդհատ կապ են հաստատել ինչ-որ մարդկանց հետ։ Դեպքի վայրում եղած ակտիվիստ Մարիա Պետրոսյանը պատմել է, որ այդ անձը նաև անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել իրենց հասցեին, բայց կողքը կանգնած ոստիկանները ոչ մի կերպ չեն միջամտել։