Փետրվարի 10-ից մինչև ընթացիկ տարվա ավարտը Epress.am-ը շաբաթը 2 անգամ պարբերականությամբ (երկուշաբթի և ուրբաթ օրերին) ընթերցողի ուշադրությանն է ներկայացնելու ադրբեջանցի գրող Սեյմուր Բայջանի «Գուգարք» վեպը հայերեն լեզվով։ Թարգմանությունը հասանելի է http://gugark.epress.am հղումով։
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում գրքի հեղինակն ասել էր, որ Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» վեպից հետո շատերը սկսեցին պնդել, որ «Գուգարքը» ղարաբաղյան պատերազմի մասին լավագույն վեպն է։
Միևնույն ժամանակ գրողը նշել էր, որ ոչ մի գիրք, ոչ մի ֆիլմ չի կարող պատերազմի իրական դեմքը ցույց տալ․ «Եվ ընդհանրապես, ինչ է նշանակում «պատերազմ» բառը: Այդ բառի հետևում թաքնված են արյուն, արցունքներ, տների, մանկապարտեզների, դպրոցների ավերում, ընտանիքների քայքայում, մահ, բռնաբարություններ և, իհարկե, մարդկային դեմքի կորուստ»։
«Գուգարք» վեպն ընթերցելիս սկզբում կարող է թվալ, թե այն պարզունակ մտքեր արտահայտող անձնական կյանքի մասին գրառում է։ Սակայն ընթացքում ընթերցողը ստիպված կլինի խոստովանել՝ այն, ինչ նկարագրում է Բայջանը, ավելի ու ավելի հասկանալի, հոգեհարազատ ու ազդեցիկ է դառնում։
Խոսքը, առաջին հերթին, Հարավային Կովկասի ընթերցողի մասին է, որովհետև վեպն առավել հասկանալի ու ընկալելի է մեր տարածաշրջանի համատեքստում։ Բայջանի վեպը պատերազմի, քաղաքականության, հայի և ադրբեջանցու սիրո մասին է, ու դրանում զարմանալիորեն միաձուլվում են լավատեսությունն ու հոռետեսությունը․ տարածաշրջանում ստեղծված ներկայիս քաղաքական իրավիճակի պայմաններում կան մարդիկ, ովքեր չեն կորցնում իրենց դեմքը, բայցև դժվարանում են պայքարել գործող գրված ու չգրված օրենքների դեմ։
Խոսելով վեպի մասին՝ ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորևսը շատ կարևոր դիտարկում է արել․ «[վեպում] Մեղադրական վճիռ է ներկայացվում թե հերոսին, և թե նրան կերտած հասարակությանը: Վեպը պետք է սկանդալ բարձրացներ, սակայն մեղադրյալները ոչ մեղադրական եզրակացությունը նկատեցին, ոչ մեղքի ապացույցները, ոչ էլ անգամ փաստաբանի ելույթը: Ադրբեջանական հասարակությունը վեպը չնկատեց»։
Նման վեպի գոյության փաստն արդեն իսկ կարևոր է, իսկ այն նկատելը, բարձրացված խնդիրները քննարկելը, կարծես, պարտադիր է ոչ միայն ադրբեջանական, այլև հայաստանյան հասարակության համար։
Վեպի հայերեն տարբերակը կարող է օգնել հայաստանցի ընթերցողին մտորել երկու հասարակություններում առկա միևնույն խնդիրների շուրջ, որոնք հաճախ միմյանց հայելային արտացոլանքն են։
Հ․Գ․ Սեյմուր Բայջանը գիրքը հայերեն լեզվով թարգմանելու և Հայաստանում այն հրատարակելու բացառիկ իրավունքները տրամադրել է Epress.am-ին:
Վեպը հայերեն է թարգմանվում ադրբեջաներենից ռուսերեն տողացի թարգմանությունից։ Թարգմանիչ՝ Սոնյա Ապրեսովա։