հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Յուկոս»-ի գործի պատճառով համակարգից հեռացված դատավորը դիմել է ՍԴ

«Յուկոս»-ի գործի պատճառով համակարգից հեռացված դատավորը դիմել է ՍԴ

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել պաշտոնաթող դատավոր Սուրիկ Ղազարյանի դիմումը, որով նա վիճարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքի 2.1-րդ հոդվածի սահմանադրականությունը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:

ՍԴ-ի՝ փետրվարի 11-ի աշխատակարգային որոշմամբ դատաքննությունը նշանակվել է մայիսի 20-ին՝ գրավոր ընթացակարգով:

Վիճարկվող հոդվածով, մասնավորապես, սահմանված էր, որ դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի 55 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով:

Ինչպես սոցիալական ցանցում գրել է իրավաբան Արա Ղազարյանը, նախկին դատավորի անունից իրենց կողմից ներկայացված դիմումով վիճարկվում է օրենքի հետադարձ կիրառությունը, որի արդյունքում դատավորը կրել է գույքային էական վնաս՝ գրեթե ամբողջությամբ զրկվելով իր կենսաթոշակից, որը նա վաստակել էր տարիների իր աշխատանքով։

Նշենք, որ Սուրիկ Ղազարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն իր վրա ճնշում են գործադրել «Յուկոս»-ի գործի պատճառով։

2013 թվականի ապրիլին Epress.am-ն անդրադարձել էր պաշտոնաթող դատավորի խնդրին՝ մեջբերելով հոլանդական «Հադելսբլադ» պարբերականի խմբագիր Յոս Ֆերլաանի հոդվածը «Յուկոս» և «Մորավել» ընկերություններին առնչվող դատական գործի մասին, որը քննում էր հոլանդական դատարանը:

Ֆերլաանը նշել էր, որ «Յուկոսի» սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու ձերբակալությունից և ընկերությունը սնանկ հայտարարելուց հետո «Յուկոսն» անցավ ռուսաստանյան պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը:

Սակայն, բացի «Յուկոսի» մայր ընկերությունից, գոյություն ուներ նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «Յուկոս ԱՊՀ»-ն, որի վստահորդ գրասենյակը գրանցված է Ամստերդամում: Այդ ընկերության վրա տնօրինություն հաստատելու համար պայքարում էր «Ռոսնեֆտը», որը կլանել էր մայր «Յուկոսը»:

Հենց Հայաստանում էլ «Յուկոս»-ի դեմ դատական հայց էր ներկայացրել բրիտանական «Մորավել» ներդրումային ընկերությունը: 2005 թվականին Լոնդոնի արբիտրաժային դատարանը բավարել էր «Մորավելի» 655 միլիոն դոլարանոց հայցը «Յուկոսի» դեմ: Դրանից հետո «Մորավելը» դիմել էր հայաստանյան դատարան՝ պահանջելով Լոնդոնի արբիտրաժային դատարանի որոշման հարկադիր կատարումը: 2010 թվականի փետրվարին Սուրիկ Ղազարյանը որոշում էր կայացրել ի օգուտ «Մորավելի»:

Սակայն երկրորդ գործը, որի ընթացքում քննվում էր «Յուկոս ԱՊՀ»-ի՝ «Ռոսնեֆտին» պատկանելու օրինականության հարցը, այլ զարգացումներ է ունեցել, ու Սուրիկ Ղազարյանը որոշումը կայացրել է ի օգուտ ռուսաստանյան ընկերության:

Ռուսաստանյան դատարանների կողմից քննված մի քանի դատական գործերի արդյունքում «Մորավելը» նույնպես պարտվել էր «Յուկոսին», այն է՝ «Ռոսնեֆտին»:

«Բայց որքանո՞վ այդ որոշումները կարող են անկողմնակալ համարվել հոլանդական դատարանի համար, որտեղ այժմ շարունակվում է գործի քննությունը», – հարց է բարձրացնում Յոս Ֆերլաանը ու նշում, որ գործի քննության ընթացքում Սուրիկ Ղազարյանի վրա Վճռաբեկ դատարանի ղեկավարությունը ճնշում է գործադրել, ինչը ազդել է վճիռի կայացման վրա:

Խմբագիրը, մասնավորապես, մեջբերում է Ղազարյանի վկայությունից հատված, որը ներկայացվել է հոլանդական դատարանին.

«Ես հետևում էի ցուցումների «Ռոսնեֆտի» օգտին որոշումը կայացնելու ժամանակ… Դատական նիստի ընթացքում ես մի քանի անգամ ընդմիջում եմ հայտարարել այդ ցուցումները ստանալու համար: Ես ընտրություն չունեի, ցանկանում էի կաշիս փրկել: Ես ճնշումների զոհ դարձա, և վերջում այլ ընտրություն չունեի, քան հրաժարական տալ»:

Սուրիկ Ղազարյանն իր վկայության մեջ նաև նշել է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ չէ ու խստորեն վերահսկվում է: Ըստ նախկին դատավորի՝ դա հատկապես վերաբերում է աղմկահարույց գործերին, օրինակ, «Յուկոսին» և «Ռոսնեֆտին», որոնց քննության ընթացքում յուրաքանչյուր հայաստանյան դատավորի հրահանգվում է հետևել «վերևից» եկած հրամաններին և որոշումներ կայացնել ի օգուտ «Ռոսնեֆտի», քանի որ հակառակ որոշումները հակասում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին:

Ղազարյանը նաև ընդգծել է, որ, չնայած ինքը երկրորդ դեպքում վճիռը «վերևից» հրահանգով է կայացրել, իրեն համակարգից հանել են, որպեսզի մյուս դատավորներին ցույց տան, որ ղեկավարությանը չի կարելի հակառակվել: