Վերջին 6-8 տարիների ընթացքում Արարատյան դաշտավայրում էապես նվազել են ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը և աղբյուրների ջրատվությունը: Այս մասին վկայում են այսօր ներկայացված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագրի ուսումնասիրության արդյունքները։
«Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնքներում ներկայում զգացվել է խմելու և ոռոգման ջրի պակաս, ինչը բացասաբար է ազդում նշված համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի վրա: Ուսումնասիրությունը նաև շեշտադրում է ՀՀ կառավարության կողմից այնպիսի գործողությունների իրականացման խիստ անհրաժեշտությունը, որոնք նպատակաուղղված կլինեն լուծելու վերոնշյալ խնդիրներն՝ արդյունավետ կառավարման ու վերահսկման մեխանիզմների ներդրման և ջրային ռեսուրսների պահպանման միջոցով: Այդ միջոցառումները կնպաստեն իրավիճակի բարելավմանը և Հայաստանի գյուղատնտեսության համար կենսական նշանակություն ունեցող Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակի աստիճանական վերականգնմանը», – նշում են ուսումնասիրությունն անցկացրած փորձագետները:
Ուսումնասիրությունը տեղական և միջազգային փորձագետների, ինչպես նաև «Հայջրնախագիծ ինստիտուտ» և «Մել-Հով» ընկերությունների մասնագետների միամյա համագործակցության արդյունք է, որն ավարտվել է 2014 թ. փետրվարին: Այն ներառում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հաշվեկշռի վերաբերյալ նախկինում կատարված ուսումնասիրությունների վերլուծություն, անցյալում և ներկայում ստորերկրյա ջրերի օգտագործման գնահատում ու վերլուծություն, ջրատար հորիզոնների նկարագրություն, ինչպես նաև դրանցից ջրառի և սնման ծավալների գնահատում:
Ուսումնասիրությունը նաև տրամադրում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կայուն օգտագործմանն ուղղված առաջարկություններ՝ հաշվի առնելով տարածքում ընթացիկ և կանխատեսվող ջրի պահանջարկը, նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: