«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ինքնին հակասահմանադրական չէ։ ՍԴ-ն արձանագրել է, որ դրանում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պետական մարմինների կողմից։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում երեկ երեկոյան հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։
Նա ընդգծել է, որ մինչև սեպտեմբերի 30-ը օրենքը գործելու է ներկայիս ձևով և քաղաքացիները պետք է շարունակեն պարտադիր վճարներ անել։
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը։ Իր որոշման մեջ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, նշել է․
«Սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանդրությանը հակասող ճանաչված իրավանորմերը ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին իրենց իրավասության շրջանակներում Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին։ Որոշման պահանջներից բխող իրավակարգավորումներից ելնելով՝ վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարված կուտակային բոլոր վճարները»։