«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը տարիներ առաջ հոկտեմբերի 27-ի ոճրախմբի հերթական անդամի «հանկարծամահության» առթիվ համոզմունք էր հայտնել, որ «27»-ի գործը կոծկելը բացատրում է ոճրագործների մահերը, հենց այդ պատճառով է, որ կազմակերպիչների ձեռքերը հասնում են քրեակատարողական հիմնարկներ, իսկ «27»-ին որևէ կերպ առնչված մարդկանց ուղարկում են ապահով ափեր: Այս մասին «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում գրում է Մարիամ Կոստանդյանը՝ անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերին, երբ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկիչների խումբը ԱԺ-ում գնդակահարեց ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, պատգամավորների, նախարարների։
«Հոկտեմբերի 27-ի «հանկարծամահությունները» շարունակվում են, հետաքննությունները՝ նույնպես» հոդվածում Կոստանդյանը ներկայացնում է «հոկտեմբերի 27-ի գործի» հետ առնչություն ունեցող մարդկանց մահվան հանգամանքները՝ ընդգծելով, որ այսօր ողջ մնացածները պետք է մտածեն իրենց կյանքի անվտանգության մասին։
Կոստանդյանը գրում է, որ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, Նաիրի Հունանյանը վերջին տարիներին կմախքի կերպարանք է ստացել և խելագարի վարքագիծ է դրսևորում, Կարեն Հունանյանը լրիվ խախտվել է։ Նրանց մոր դին մի քանի տարի առաջ հայտնաբերվել է Եվպատորիայում՝ նա ծովում էր խեղդվել։
Հոդվածագիրն անդրադարձ է անում նաև «27-ի գործով» վկա Տիգրան Նազարյանին․
«Քաղաքական թեժ իրավիճակի և միայն նախընտրական փուլին հատուկ սրընթաց փոփոխությունների համապատկերում աննկատ անցավ 14 տարի առաջ որպես Հ1-ի «Հայլուրի» թղթակից ԱՄՆ մեկնած և այնտեղ հաստատված, «27»-ի գործով վկա անցնող Տիգրան Նազարյանի մահը: Ասվեց, որ քաղցկեղից է մահացել և վերջ: Իհարկե, անհավատալի չէր, որ Տիգրանն էլ կարող էր հիվանդանալ- մահանալ, ինչպես բոլոր մահկանացուները: Սակայն պետք չէր մոռանալ, որ, որքան էլ ամերիկյան կյանքին ադապտացված, Տիգրանի մեջ շարունակում էր ապրել ԱԱԾ գործակալը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում