ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը զանգահարել և ներողություն է խնդրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզան Ստեփանյանից։ Այս մասին վերջինս գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։
«Սիրելի գործընկերներ, քիչ առաջ ինձ զանգահարեց Շուշան Պետրոսյանը և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար։ Նա ասաց , որ ինձ վիրավորելու ցանկություն չի ունեցել… Մենք երկար զրուցեցինք… իսկապես, ոչ ես իր դեմ որևէ բան ունեմ , ոչ էլ ինքն իմ դեմ։
Այսօր խորհրդարանում մենք առաջին անգամ էինք շփվում, շփումն այնքան էլ «հաջող» չստացվեց, բայց դե կյանք է, ամեն ինչ էլ ստացվում է։ Բոլորս էլ ինչ-որ մի պահ, տարբեր պատճառներով պոռթկում ենք՝ շատ հաճախ վիրավորելով և նեղացնելով միանգամայն անմեղ մարդկանց։
Կարևորը, որ գիտակցում ենք սխալը, ու միմյանցից ներողություն խնդրելու կամք ենք ունենում», – գրել է Ստեփանյանը։
«Ֆեյսբուք»-ում մեկնաբանելով լուրը՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին գրել է․ «Ինչո՞ւ են ոմանք վիրավորում հրապարակավ, իսկ ներողություն խնդրում՝ ոչ հրապարակավ»։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Ռուզան Ստեփանյանը փորձել էր հարց ուղղել Շուշան Պետրոսյանին, սակայն վերջինս հայտարարել էր․ «Դուք բոլորդ անբարոյական եք»։