Ազգային ժողովի 4 ոչ իշխանական քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», 12 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել։ 12 կետերը լուծման համար այն հրատապ առաջնահերթ հարցերն են, որոնք քառյակը ներկայացնելու է իշխանույթուններին: Այս մասին քառյակի նիստի ավարտից հետո ասել է «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա հրաժարվել է մանրամասնել հարցերի բնույթը՝ նշելով դրանցից մեկը՝ անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի:
Լրագրողներն բանախոսին հարցրել են՝ արդյոք պահանջներում կան նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Հակոբյանը բացասական պատասխան է տվել:
Հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ քառյակը գոհ է իշխանությունների վարած արտաքին քաղաքակությունից, Հակոբյանը պատասխանել է, թե այսօր ծավալուն աշխատանք է կատարվել 12 կետերի առումով, ուստի Աստանայի դեպքերը չեն քննարկվել, դրանց մասին ամեն կուսակցություն առանձին խոսել է մամուլի հետ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաև ասել է, որ քառյակի խոստացած հանրահավաքը լինելու է միայն աշնանը: Նրա խոսքով՝ հասկանալի պատճառներով հանրահավաքը հետաձգվում է, սակայն որոնք են այդ պատճառները, Հակոբյանը չի նշել։
Արդյո՞ք քառյակը իշխանություններին ժամանակ է տալիս մինչև աշուն հարցին՝ Հակոբյանը պատասխանել է, թե իրենց պահանջներից մի քանիսը օրենսդրական փոփոխություններ են նախատեսում, որոշ հարցերի լուծման համար երկար ժամանակ է պահանջվում, ուստի քառյակի հաշվարկներով՝ այդ 12 կետերը կարելի է կատարել մինչև աշուն:
Բանախոսը նշել է, որ իրենց պահանջները իշխանությանը կներկայացվեն եկող շաբաթ՝ ԱԺ քառօրյային: