Home / Տեսանյութեր / Կանաչ լույս ատկատների համար․ ԱԺ-ում դժգոհ են «Հյուսիս-Հարավ»-ի վարկերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կանաչ լույս ատկատների համար․ ԱԺ-ում դժգոհ են «Հյուսիս-Հարավ»-ի վարկերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տրանսպորտի և կապի նախարարությունը դիմել է Ազգային ժողովին՝ նոր վարկ ստանալու առաջարկով, որով շարունակվելու է «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը: Երկու վարկերի չափերն են 100 միլիոն և 60 միլիոն դոլար, գումարները նախատեսվում է ծախսել Արարատ-Թալին, Թալին-Լանջիկ ճանապարհահատվածների շինարարության համար:

Հարցի քննարկման ժամանակ պատգամավորները խոսել են հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հրապարակումների մասին, որոնք վկայում են, որ նախորդ վարկերի սպառումը մեծ կասկածներ է թողնում։

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հերքել է հրապարակումներն այն մասին, որ Հայաստանը ստիպված է եղել ծրագրի ժամկետը չկատարելու համար 300 հազար դոլար տուգանք վճարել: Ինչևէ, նա ընդունել է, որ Արտաշատ-Արարատ ճանապարհի շինարարության մեջ որակական թերություններ կան: Ըստ պաշտոնյայի՝ նախարարությունը չի վճարի շինարարին, մինչև թերությունները չվերացվեն:

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը կարծիք են հայտնել, որ Արտաշատ- Երևան ճանապարհի վերակառուցումը բացարձակապես առաջնահերթ չէր, քանի որ այն առանց այդ էլ որակյալ էր: Ըստ Մարգարյանի՝ աներթևեկելի է Գյումրի-Բավրա ճանապարհը, ուստի դա ավելի շուտ պետք է վերանորոգվեր:

Բագրատյանն ասել է նաև, որ ինքն առաջինը կվերանորոգեր Նոյեմբերյանի ճանապարհները, Գորիս-Կապան ճանապարհը, Իջևան-Բերդ ճանապարհը:

Բագրատյանի խոսքով՝ Հայաստանը ասֆալտապատ ճանապարհների համամասնությամբ առաջին երկներից մեկն է աշխարհում: Նման բարձր ցուցանիշ ունենք մեկ էլ գազաֆիկացվածության մակարդակով, քանի որ կան գազաֆիկացված գյուղեր, որոնք գազ չեն սպառում։

«Այդքան գումար, որ գյուղատնտեսության մեջ դնեինք, հիմա գյուղը կծաղկեր», – ասել է Բագրատյանը: Նրա խոսքով՝ ընդհանրապես նման վարկեր տալուց առաջ պետք է վարկը թեստ անցնի, ինչը չի արվել։

ՀՀԿ-ականները պաշտպանել են վարկային ծրագիրը: Խոսրով Հարությունյանն ասել է, որ երկիրը ճանաչում են իր ճանապարհներով, ուստի ներդրումները չի կարելի անարդյունավետ համարել: 

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ դեմ է քվեարկում բոլոր վարկային պայմանագրերին, քանի որ կողմ քվեարկել նշանակում է կանաչ լույս վառել չարաշահումներին, ատկատներին, յուրացումներին։

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ տեսանյութում

Լուսանկարը՝ mtc.am