Բռնաբարության զոհ դարձած կնոջ գործով իրավապահ մարմիները պատշաճ քննություն չեն իրականացրել, արդյունքում՝ 28-ամյա Հասմիկը (անունը փոխված է) չի կարողացել հասնել արդարադատության, թեև չի վախեցել իր անձի շուրջ հասարակական քննարկումներից և դիմել էր ոստիկանությանը: Այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հայտարարել են կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Գործում թույլ տրված իրավախախտումների մասին բարձրաձայնելու նպատակով՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բողոքի ակցիա է անցկացրել նախագահական նստավայրի դիմաց: Կոալիցիայի անդամներից 4 մտել են նստավայր, նամակների բաժին են հանձնել քրեական գործում առկա խախտումների մասին իրենց դիմումը: Ըստ կոալիցիայի անդամների տրամադրած տեղեկատվության՝ գործը քննվել է երեք քննիչների կողմից՝ Ա. Կավեյան, Կ. Հակոբյան, Վ. Մանուկյան: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» նախագահ Լարա Ահարոնյանը՝ երեք քննիչներն էլ խախտել են գործի կոնֆիդենցիալությունը՝ կնոջ ծանոթներին հայտնել բռնաբարության մասին, ճնշումներ են գործադրել կնոջ ընտանիքի վրա: Քննիչներից մեկը նույնիսկ բարեկամական կապ է ունեցել գործով կասկածյալի հետ:
«Հասմիկ անունը մենք պայմանական ենք օգտագործում՝ կնոջ ապահովության համար և որովհետև մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել նման վիճակում»,-ասել է Ահարոնյանը:
Նշենք, որ բռնաբարության մեջ կասկածվող անձը գտնվում է ազատության մեջ, թեև դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ և գործը հասել է Վճռաբեկ դատարան, նրա նկատմամբ կալանք չի կիրառվել: Հասմիկի գործով արդարադատություն պահանջող քաղաքացիները նախագահական նստվայրից հետո երթով գնացել են դեպի Վճռաբեկ դատարան: