Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր իր տան շեմին հայտնաբերել է մի կույտ գոմաղբ: Epress.am-ին տեղեկացնելով դեպքի մասին՝ Գասպարին ասել է, որ հարևաններն իրեն ասել են՝ «զգույշ մնացեք, ավելի վատ բան չանեն»:
Գասպարիի կարծիքով՝ իր տան դիմաց աղբ է լցվել, իսկ կողմնակի մարդկանց միջոցով «չերեզներով» սպառնալիքներ են փոխանցվել այն պատճառով, որ երեկ ինքը ակցիա է անցկացրել «նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի» տան մոտ:
Ակտիվիստը կանգնել էր Սարգսյանի տան դիմաց՝ ձեռքում պահելով «Ավելի ստոր, անարժանապատիվ, քան ամենաանբարո կավատները» գրությամբ պաստառը: Այս ակցիայով Գասպարին արձագանքել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության բիրտ գործողություններին: Հիշեցնենք, որ այդ օրը բերման էր ենթարկվել 27 քաղաքացի, շատերը ստացել էին մարմնական վնասվածքներ, երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց:
«Ես զանգել եմ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որպեսզի փոխանցեն՝ Սերժ Սարգսյանը գա, այդ աղբը հավաքի, տանի», – ասել է Վարդգես Գասպարին:
Նշենք, որ ոստիկանության ապօրինությունների դեմ բազում դատական վարույթներում ներգրավված Վարդգես Գասպարին երկու օր առաջ ստացել է դատական ակտ այն մասին, որ իր հաշիվների և անշարժ գույքի՝ բնակարանի վրա կալանք է դրված: Նման միջնորդությամբ հանդես է եկել ոստիկան Աիդա Դեմիրխանյանը, ով դատական հայց է ներկայացրել Գասպարիի դեմ՝ պահանջելով ակտիվիստից բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես բարոյական փոխհատուցում իրեն վիրավորելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Գասպարիի տան շեմին թրիք էին լցրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան մոտ ակտիվիստի բողոքի ակցիայից հետո: