Շանթ Հարությունյանի և 13 ընկերների գործով այսօր անցկացվող հերթական դատական նիստի ընթացքում մեղադրյալների փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը, Արա Զաքարյանը և Հովհաննես Քոչարյանը հայտարարել են, թե տեսանյութերի ուսումնասիրությունների արձանագրությունները քննիչների կողմից կոպիտ խախտումներով են կազմվել։ Մասնավորապես, տեսանյութերի ուսումնասիրությունները տևել են 14 օր, սակայն միայն մեկ օրվա արձանագրության տակ առկա են զննությունը իրականացնող քննիչների ստորագրությունները։
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ընդգծել է, որ տեսանյութերի արձանագրություններում հստակեցվել է, որ մի քանի ոստիկաններ քաղաքացիական հագուստով են եղել, և այդ փաստը դատարանում հաստատել է մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը։ Վերջինս նշել է, որ ոստիկանները «քաղաքացիական հագուստով իրենց ծառայողական պարտականություններն էին իրականացնում»։
Պետրոսյանի խոսքով՝ դա նշանակում է, որ ամբաստանյալներին մեղսագրվող հոդվածներից մեկը, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բնռություն գործադրելը, այլևս կիրառելի չէ։ Նշենք, որ ամբաստանյալները մեղադրվում են նաև խուլիգանության մեջ։
Մասնավորաբար, տեսաձայնագրություններով արդեն իսկ ապացուցվել է, որ, օրինակ, քաղբանտարկյալներ Վարդան Վարդանյանը և Ալբերտ Մակարյանը հարվածել են բացառապես քաղաքացիական հագուստով մարդկանց։
Պետրոսյանը մեկ այլ կարևոր հանգամանք է մատնանշել․ փաստաբանի խոսքով՝ 2013 թվականի նոյեմբերի 5-ի երթի մեկնարկից առաջ ոստիկանները մանսակիցներին չեն ասել, թե դրա անցկացումն անօրինական է։ Բացի դա, տեսանյութերի զննության ժամանակ երևացել է, թե ինչպես է ոստիկանն առաջինը բռնում Շանթ Հարությունյանի պարանոցից, երբ վերջինս դեռ չէր հասցրել ոտքը դնել Մաշտոցի պողոտայի երթևեկելի մասի վրա։ Երբ մեկ այլ ամբաստանյալ Վարդան Վարդանյանը փորձել է ազատել Շանթ Հարությունյանին, վերջինիս հարված են հասցրել։
Հարությունյանը, իր հերթին, հանդես է եկել հայտարարությամբ, ընդգծելով քննչական գործողություններում գրանցված բացթողումները։ Ըստ քաղբանտարկյալի` չէր կարելի գործի քննությունը հանձնել ոստիկանության քննչական բաժնին, քանի որ գործը վերաբերում էր ոստիկանության աշխատակիցներին, և այդ պարագայում կանխակալ վերաբերմունք պետք է ակնկալել։