Հայաստանի քաղաքացի, 53-ամյա Սարգիս Անանյանը օգոստոսի 26-ին անցնել է հայ-ադրբեջանական սահմանը, հաղորդում է ադրբեջանական contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Համաձայն Ադրբեջանի ՊՆ-ի, Անանյանը դժգոհ է Հայաստանում առկա սոցիալական-տնտեսական վիճակից և պատրաստվում է ապաստան խնդրել Ադրբեջանից։ Հայաստանի քաղաքացին գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ, ադրբեջանական կողմի հաղորդմամբ, նա ունի առողջական խնդիրներ։
Aravot.am կայքի փոխանցմամբ՝ Անանյանը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է։ Նրա հարազատների խոսքով՝ տղամարդը տանից դուրս է եկել հինգ օր առաջ և չի վերադարձել։ Aravot.am-ը նշում է նաև, որ վերջերս Սարգիս Անանյանը Ռուսաստան է գնացել՝ որդու մոտ, հետո վերադարձել Նոյեմբերյան: Կայքի տեղեկություններով՝ Սարգիս Անանյանի մի ոտքը պրոթեզ է:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացու՝ ադրբեջանական գերության մեջ հայտնվելու մասին օգոստոսի 26-ին գրել էր ադրբեջանական musavat.com կայքը՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացուն Քյամարլի գյուղի իր տան բակում գտել է Ադիգյուզյալ Դուրսունովը, ապա նրան տարել են զինվորականները։ Գերի ընկածի անունն ու լուսանկարը չէին հրապարակվել: Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են Անանյանի լուսանկարը:
Օգոստոսի 27-ին Epress.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ որևէ զինվորական անձի կորուստ հայկական կողմը չունի։ Նույն օրը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հայտնել էր, որ ոստիկանությունը որևէ քաղաքացիական անձի կորստի մասին ահազանգ չի ստացել։ Այդ օրվանից պաշտոնական մարմինները Հայաստանի քաղաքացու գերության մասին հայտարարությամբ հանդես չէին եկել: