Հայաստանում թե զինվորական, թե քաղաքացիական անձի անհայտ կորելու մասին ահազանգեր չկան, մինչդեռ ադրբեջանական մամուլը գրում է, որ Ղազախի շրջանի Քյամարլի գյուղում ազգությամբ հայ է բերման ենթարկվել։
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ որևէ զինվորական անձի կորուստ հայկական կողմը չունի։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հայտնել է, որ ոստիկանությունը որևէ քաղաքացիական անձի կորստի մասին ահազանգ չի ստացել։
Երեկ ադրբեջանական Musavat.com կայքը գրել է, որ Հայաստանի քաղաքացուն Քյամարլի գյուղի իր տան բակում գտել է Ադիգյուզյալ Դուրսունովը, ապա նրան տարել են զինվորականները։ Համաձայն ադրբեջանական կայքի, հայը, ում անունը չի նշվում, ասել է, որ Հայաստանում անտանելի պայմաններ են, այդ պատճառով ինքը որոշել է անցնել սահմանը։ Նա նաև ասել է, որ ունի 3-4 ծանոթ, ովքեր նույնպես ցանկանում են անցնել Ադրբեջանի սահմանը։
Կայքը նշել է, որ բերման ենթարկվածը 53-54 տարեկան է։