Home / Հայաստան / Պատերազմը հանաք չի․ Սերժ Սարգսյանը՝ Կարեն Պետրոսյանի մահվան մասին

Պատերազմը հանաք չի․ Սերժ Սարգսյանը՝ Կարեն Պետրոսյանի մահվան մասին

ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ։ Ադրբեջանում մահացած Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մասին մեկնաբանություն տալով՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Վերջինս ասել է, որ Պետրոսյանի մահվան մասին խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»: Բայց մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում: Ես հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, ես հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, և դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ՝ զայրացած, գազազած թշնամու հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հայկական կողմը պահանջել է անկախ միջազգային փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառները պարզելու համար: