Home / Հայաստան / ՖՈՏՈ․ Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հիշեցրել են Մարտի 1-ի պատասխանատուների մասին

ՖՈՏՈ․ Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հիշեցրել են Մարտի 1-ի պատասխանատուների մասին

Հոկտեմբերի 10֊ին երեք քաղաքական ուժերի՝ ՀԱԿ֊ի, ԲՀԿ֊ի և «Ժառանգության» հանրահավաքից առաջ Ազատության հրապարակի մուտքերից մեկի հարևանությամբ մի քանի պաստառ էր փակցված, որոնց վրա տեղեկություններ էին ներկայացված 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Պաստառներից մեկի վրա, մասնավորապես, գրված էր «Մարտի 1-ի սպանդի առաջին էշելոնի պատասխանատուները», որի տակ փակցված էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտնագության խորհրդի նախկին ղեկավար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի, ԲՀԿ֊ական պատգամավոր, 2008 թվականին ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդան Օսկանյանի, մի քանի այլ պաշտոնյաների լուսանկարներնը։

Պաստառներից մեկում նշված էր նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը, ով, Մարտի 1-ի գործով զբաղվող Փաստահավաք խմբի զեկույցի համաձայն, այն 9 անձանց շարքում է, ովքեր Մարտի 1-ին ընդառաջ իրենց կողմից ստեղծված խմբավորումների համար ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահեստից զինվորական հանդերձանք են ստացել։

Պաստառները փակցրել էր հանրահավաքի մասնակից, Մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալված նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ կարևոր չէ, թե ով է կազմակերպիչը, կարևոր է Մարտի 1-ի տեղեկատվության հասանելիության փաստը։ Նշենք, որ բազմաթիվ մարդիկ մոտենում էին և կարդում էին պաստառների տեքստերը։

1postermarch1

2postermarch1

3postermarch1

4postermarch1

5postermarch1

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։