Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնական ելույթի «պատիվը» վերապահեց գործարար Գագիկ Ծառուկյանին և բեմից խոսեց մոտ 25 րոպե։
Նա, մասնավորապես, ասաց․
մարգինալների հիստերիկությունը
– Կոչ եմ անում ամենևին ուշադրություն չդարձնել ընդդիմադիր համարվող որոշ լուսանցքային (մարգինալ) ուժերի կողմից հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հետևած հիստերիկ արձագանքին։
․․․Շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնք իբրև-թե յոթանասուն տարի պայքարել էին Հայաստանի անկախության վերականգնման համար, երբ 1990-1991 թվականներին, այդ խնդրի լուծման հնարավորությունը իրական դարձավ, մեկ ակնթարթում փոխեցին իրենց դավանանքը և կտրուկ դեմ արտահայտվեցին անկախությանը, որովհետև այն ձեռք էր բերվում ոչ թե իրենց, այլ ուրիշների շնորհիվ։
․․․Նրանց կարծիքով՝ Հայաստանում նախ պետք է ընդդիմափոխություն տեղի ունենա, և հետո միայն իշխանափոխություն՝ ջհանդամը թե արանքում երկրից բան չի մնա։
նայեք Ուկրաինային ու լռեք
– Տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու և կենսագործելու է այդ համակարգի /Եվրասիական միության/ շրջանակներում։ ․․․Իրականության զգացողությունը չկորցրած մարդու համար եթե ոչ այլ բան, ապա միայն Ուկրաինային վիճակված ողբերգական կացությունը բավական է դրանում համոզվելու համար։
․․․ – Մի՞թե ոմանց համար դժվար է հասկանալ, որ Հայաստանին Ուկրաինայի կորուստների թեկուզ տասներորդ մասի բաժին ընկնելու պարագայում մեր երկիրը պարզապես կվերանա աշխարհի քարտեզից։
Եվրասիական ազատություններ
․․․ – Եվրասիական միության կազմում անգամ Հայաստանը կարելի է դարձնել արևմտյան կամ համամարդկային արժեքների, այն է` ժողովրդավարության, խոսքի, մամուլի, խղճի ազատության, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության վրա հիմնված իրավական պետություն։
հումոր
․․․ – Հիշեցնեմ, որ հակառակ գերլարված իրավիճակին, հենց այդպիսի մթնոլորտ էր տիրում 1988 թվականի փետրվարյան հանրահավաքների օրերին, ինչի վկայությունն են, օրինակ, այդ ժամանակ տարածված հետևյալ կատակները.
– Հանրահավաքներից մեկի ժամանակ ժողովրդին է մոտենում մի կողմնակի մարդ ու հարցնում. «Ապեր, էս ի՞նչ հաշիվ ա, ընչի եք հավաքվե գոռգռում»։ Պատասխանում են. «Ղարաբաղն ենք ուզում»։ «Սոչին ուզեք, Սոչին. Սոչին ավելի լավ տեղ ա»,- ասում է նա ու հեռանում։
– 88-ի փետրվարի 23-ի գիշերային երթի ժամանակ ցուցարարները «Միացե՛ք, միացե՛ք» վանկարկելով կոչ էին անում մայթերին կանգնած մարդկանց միանալ երթին։ Երբ «Կինո Հայրենիքն» անցել էինք, մայթին կանգնած տղաներից մեկը «Միացե՛ք, միացե՛ք» կոչին բարձրաձայն պատասխանեց. «Արա, ձեր էշ խելքին ընկա, մաշնես կոխին»։
– Այդ օրերին Ազատության հրապարակն այնքան խիտ էր, որ հնարավոր չէր միմյանց ոտքերը չտրորել։ Երբ մեկը կողքի կանգնածին ասում է. «Կներես ախպեր, ոտդ տրորեցի», վերջինս պատասխանում է. «Ոչինչ, ախպեր ջան»։ Երբ երկրորդ անգամ է տրորում ու նորից ներողություն խնդրում, մյուսը թե՝ «Ի՞նչ ներողություն, ցավդ տանեմ։ Ազգի խաթեր էս մեծ գործում մի տրորած ոտ ավել, մեկը պակաս, ի՞նչ նշանակություն ունի»։ Իսկ երբ երրորդ անգամ է տրորում ու էլի ներողություն խնդրում, մարդն ասում է. «Ախպեր ջան, էլի կներեմ, բայց հենց Ղարաբաղի գործը կպավ, տալու եմ գլուխդ ջարդեմ»։
– Երբ այս հրապարակում հնչեցին գործադուլի առաջին կոչերը, մի երիտասարդ բարձրացավ հարթակ եւ ասաց. «Ժողովուրդ ջան, էսօրվանից սկսած, մինչև Ղարաբաղի հարցի լուծումը, ողջ քյավառահայությունը մի մարդու պես արաղադուլ ա հայտարարում»։