Home / Տեսանյութեր / «Վաշխառությունը գողացած փողերն օրինականացնելու ձև է»․ զրույց

«Վաշխառությունը գողացած փողերն օրինականացնելու ձև է»․ զրույց

Քաղաքացի Գայանե Թումասյանը պնդում է, որ ինքը վաշխառության զոհ է դարձել։ Կնոջ խոսքով՝ ամուսինն իրենց տունը վաճառել է առանց իր գիտության, իսկ ապօրինությունները կատարվել են վաշխառությամբ զբաղվող խմբի կողմից։ Epress.am֊ի ստուդիայում Թումասյանը պատմել է, որ առքուվաճառքի կեղծ պայմանագրի կնքման վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Կինը դիմել է առաջին ատյանի դատարան, որը բեկանել է քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը, սակայն խմբի անդամները առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։

Epress.am֊ի լրագրող Քնար Խուդոյանի երկրորդ զրուցակիցը՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը, պատմել է, որ վաշխառության զոհերը շատ են։ Նա պնդում է, որ վաշխառուների խումբը ղեկավարում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, ով հարյուր հազարավոր դոլարներ է տոկոսով տալիս, իսկ հետո, երբ մարդիկ չեն կարողանում գումաները «փակվել», տիրանում է նրանց գույքին։

Պողոսյանը նշում է, որ առանց համապատասխան լիցենզիայի տոկոսով գումար տալը հակաօրինական է, բացի դա, հարց է բարձրացնում՝ որտեղի՞ց նախկին չինովնիկին այդքան գումար։ Իրավապաշտպանի խոսքով՝ ոստիկանությունը թերանում է նման գործերը քննելիս, իսկ վաշխառուները հաճախ կարողանում են իրենց հարցերը լուծել քննչական մարմիններում և դատարաններում։ Պողոսյանի դիտարկմամբ՝ եթե նախկինում գումարներ գողացած չինովնիկները դրանք օրինականացնում էին օֆշորային ընկերությունների միջոցով, ապա այժմ գործում է վաշխառության սխեման՝ գումարը տոկոսով տալ, իսկ հետո դրա դիմաց անշարժ գույք վերցնել։

Մանրամասները՝ տեսանյութում․